ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 20 августа 2012 г.

Կարկտահարվել է Լոռու մարզի 10 համայնք



      ՏՈՒԺԵԼ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՅԳԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՆՋԱՐԱՆՈՑՆԵՐԸ,  ԱՅԼԵՎ…  ՀԱՎԵՐԸ …

  Օգոստոսի 18-ին լոռու մարզում տեղացած կարկուտը լուրջ վնաս է հասցրել հատկապես Արջուտ համայնքին:
  Արմանուշ տատը կարկուտից ժամեր անց ափի մեջ հավաքում և ցույց էր տալիս կարկուտի խոշոր հատիկները. <Ձվի չափ էին բալա ջան, կես ժամից ավել եկավ, մենակ բերքը…  հավ ու ճիվ էլ չթողեց, ինչ թողեց որ…>,-պատմում էր և ցույց տալիս ավերված այգին, բանջարանոցն ու սատկած հավերը,-ճտերը չհասցրինք տուն անենք, թուխսը հետը հրես ընկած են, կովն էլ չեմ գտնում: Շատ խոշոր կարկուտ էր, խեղճ կենդանիները ծառերի տակ էլ չկարողացան պաշտպանվել:


  - Այս տարի հացահատիկի բերք չէինք էլ սպասում, անասնակերի խնդիր էլ ունենք. խոտ չկա, գյուղացին առանց այդ էլ չգիտեր, թե ինչպես է պահելու կովն ու ոչխարը, չնայած էդտեղ էլ լուրջ վնասներ կրեց գյուղն այս տարի…
Մի խոսքով, հարցեր մի տվեք, մի կողմից գայլերը, մյուս կողմից եղանակը, հիմա էլ՝ կարկուտը: Բերքի 95 տոկոսը կորցրեց գյուղացին, ընկույզի մեծության կարկուտ  էր, տևեց մոտ կես ժամ,-ներկայացնում է իրավիճակը Արջուտի համայնքապետն ու շարունակում,- ախր մենակ այգիների ու բանջարանոցների հարցը չի, պառնիկներն էլ ավերեց, ապակիները կարկուտից կոտրվեցին, հիմա էդ բերքն էլ կկորցնենք:
  Համայնքում հակակարկտային կայան չկա ու առաջիկայում էլ դրա հետ կապված ոչ մի ծչագիր, փոխհատուցում էլ չեն ակնկալում գյուղացիները, թեև Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարականով ճշտում է կարկուտի հետևանքներն ու վնասի չափը:
  -Անցած տարիներին էլ կարկուտ է եկել, մեծ վնասներ է կրել գյուղը, մենակ մերը չէ, ուրիշ գյուղեր էլ, բայց  ոչ մի փոխհատուցում էլ չենք ստացել. <Գյուղացունն ինչ է, մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հաաա, երկնքից կախված>,-ավարտեց իր պատմությունն արջուտցի Արմանուշ տատն ու սկսեց հավաքել այս ու այն կողմ ընկած, կարկուտից սատկած հավերը,-շանը տամ, թող ուտի, ինչ անեմ:
  Լոռու մարզում շաբաթ և կիրակի օրերին տեղացած կարկուտից առավել տուժել են Մեծ Պառնի, Սարահարթ, Սարալանջ, Գոգարան, Վահագնի, Վահագնաձոր,  Շենավան համայնքները:

Комментариев нет:

Отправить комментарий