ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 20 июля 2018 г.

Սիրերգակ Սահյանը


           Հետազոտական աշխատանք
                        Ներածություն

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914թ. (ըստ Սահյանի հիշողույունների) Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթեղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ
դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:
  Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության:
  1972թլույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ: Հենց այստեղ էլ գրականագիտությունը լուրջ ասելիք ունի: Սահյանի սիրո պոեզիայի ուսումնասիրությունը լուրջ բաց է հայ գրականագիտության մեջ:

 
 
                                   



                                               
Բովանդակություն

                              «
Բանաստեղծը մարդու միտքը հղկելով, բյուրեղացնելով՝  
                
նրան կապում է տիեզերքին, սովորեցնում ապրել մեծ կյանքով»:
                                                                                                
                                                                                                
Համո Սահյան

 
   Համո Սահյանի ստեղծագործությունը բնության երգ է, բնության և մարդու փոխհարաբերությունների անկրկնելի բացահայտում, նմանությունների պատկեր, որն էլ կազմում է նրա ստեղծագործության առանցքը: Այսպես ենք ճանաչում Սահյան-բանաստեղծին:
   Սահյանը, սակայն միայն բնության, քար ու քարափի, մասրենու, ամպի ու քամու սիրերգակ չի: Բանաստեղծն ունի 100-ից ավելի սիրային բանաստեղծություններ, որոնք գրականագետները դնում են Քուչակի, Սայաթ-Նովայի, Իսահակյանի և մյուս սիրերգակների բանաստեղծությունների կողքին: Այդուհանդերձ, Սահյանի սիրերգությունը մնում է գրեթե չուսումնասիրված: Սահյանի բախտը սիրո հարցում չի բերել, որովհետև, նա սիրահարված էր, երբ բանաստեղծ չէր և բանաստեղծ էր, երբ սիրահարված չէր: Բանաստեղծն իր ողջ կյանքում ապրեց սիրահարության և տառապանքի երկփեղկվածությունը: Անձնական կյանքի դժբախտությունը, մենությունն ու սիրահարությունը վերածվել են ողբերգության, որից էլ ծնվել է նրա սիրերգությունը:
 
  Սահյանի պոեզիան բաժանվում է երեք փուլի. Առաջին փուլում նրա սերը դրսևորվում է հիմնականում բնության երևույթների միջոցով: Իսկ վաղ շրջանի սերերը, թեև  ամենաբյուրեղայինն են, բայց մնում են հրապուրանքի մակարդակում: Սահյանի սիրերգության մեջ ավելի արժեքային են այն ստեղծագործությունները, որոնք ծնվել են ոչ թե ապրումներից, այլ հետագա վերապրումներից: Սիրո հայրեններից մեկում Սահյանն այսպես է խոսում իր ապրած ու անցած սերերի մասին.

                                      Ի՞նչ ասեմ, ձեզ ի՞նչ ասեմ,
                                      Իմ անցած-գնացած սերեր,
                                      Անշշուկ, Անարձագանք,
                                      Համրացած, խլացած  սերեր,
                                      Եվ էլի սրտիս տաք-տաք
                                      Արցունքով լվացված սերեր,
                                      Ինձ այս մեծ տառապանքի
                                      Մատյանում գրանցած սերեր:

  Սահյանը խոսում է անցած գնացած, բայց անհետ չկորած, չանհետացած սերերի մասին, դրանք լվածված են իր արցունքով և շարունակում են մխալ բանաստեղծի մեծ տառապանքի մատյանում՝ որպես անթեղված կրակ:
 
  Սահյանի անթեղված սերերը ծնունդ են առել դեռ պատանեկության տարիներին, պարզ, անկեղծ, ամոթխած («Ես չգիտեի, թե ինչ է սերը», «Քո մայրը տարավ, քեզ կապեց սյունից» և այլն), բայց և ժամանակի գեղջկական ավանդույթների կնիքը կրող պարսավանքից հալածված: Ամենազուլալ ու վեհ զգացմունքը պիտի գաղտնիք մնար, մահացու մեղք էր որակվել մեղվի խայթը հանելն ու ցաված տեղը համբուրելը և դա այն դեպքում, երբ ոչ պատանին և ոչ էլ աղջիկը նույնիսկ չէին հասցրել հասկանալ, թե ինչ է  սերը և որն է իրենց հանցանքը.

                                  

                                     Եվ ի՞նչ էր եղել, ի՞նչ էինք արել
                                     Անքննելի է բախտը երևի
                                     Ես մեղվի խայթը քո այտից հանել
                                     Եվ ցաված տեղդ համբուրել էի…

                                    
                                     «Ախր մեղք չկար, ո՞վ էր մեղավոր»,
                                     Նույն հարցն է տալիս քո նամակն էլի…
                                     -Ո՞վ էր մեղավոր, նա էր մեղավոր-
                                     Անմեղությունն այն ժամանակների:

  Իսկ ժամանակի պահանջներն այլ էին. եթե նույնիսկ տղան սիրում էր, միևնույնն է, իրավունք չուներ այդ մասին հայտնել աղջկան, գուցե սիրում էր և աղջիկը, բայց պարտավոր էր լուռ մնալ, խուսափել, ավելին՝ արհամարհել և մերժել սերն ու սիրո թեմային վերաբերվող ամեն ինչ: Հայ գրականության մեջ շատ են սիրո «հանցանքը»
հարկադրաբար թաքցնելու օրինակները ( Ակ. Բակունց «Խոնարհ աղջիկը»):
 
  Եվ միայն տարիներ անց նրանք պետք է հասկանային, որ դա է եղել առաջին սերը, այն գիժ գառները, տատի փեշերը, դեզի ստվերը, որ կյանքում երբեք չէին մոռացվելու և Սահյանի գրչի տակ դառնալու էին երգ:
   
  Սահյանի պատանի հերոսը չի խիզախում հարևանի աղջկա հանդեպ սերը բարձրաձայնել, այդքան մոտիկ, բայց այնքան հեռու և նրա հետ հանդիպումը միայն երազի մեջ կարող է պատկերացնել, մտածում է, որ մի օր բախտը կբերի, բայց պարզվում է, որ այդ բախտավորը հարևան գյուղից է, որ գալիս, յոթ օր յոթ գիշեր հարսանիք են անում և աղջկան հարս տանում. Իսկ սիրող սրտում անթեղվում է սիրո վերքը, որ հետագայում ստանում է այս ձևակերպումը.

                                        Սրտիս վրայով անցան ձիերը՝
                                        Տրորելով հույսիս վերջին ծիլերը…

  Սիրո հեքիաթն ավարտվում է, թողնելով սիրո հուշը, որ տարիներ անց պիտի երգ դառնար: Պատանեկան սերերի վերհուշում հիանալի պատկեր է ստեղծում նաև առուն, որ պտտում է ջաղացի քարը, իսկ պատանեկան հույսերում հենց այդ քարն է, որ իր սերը պիտի տաներ, հասցներ ջաղացպանի աղջկան: Ահա այս սերերն են, որ իրենց անաղարտության մեջ չեն բացահայտվել որպես այդպիսին և գրվել են բանաստեղծի մեծ տառապանքի մատյանում: Ահա, այս գիտակցության արդյունքում բանաստեղծի հոգում առաջին սիրո հեքիաթը միաձուլվում է բնության երևույթներին: Սահյանն իր վաղ շրջանի երեք սերերը համեմատում է գարնան երեք ծաղիկների հետ՝ ձնծաղիկ, մանուշակ, վարդ («Հայաստանը երգերի մեջ» ժողովածուն).

                                      Առաջին սերս ձնծաղիկի պես
                                      Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
                                      Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
                                      Եվ իսկույն փակեց աչիկները թաց:
  Առաջին սերը ձնծաղիկն էր, որ ձյան տակից ընդամենը մի ժպիտ էր պարգևել, երկրորդը խոնարհ մանուշակն էր.

                                       Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի
                                       Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
                                       Առավ համբույրը ոսկեղեն շողի
                                       Եվ ամոթանքից գլուխը կախեց:
   Երկրորդ սիրո դեպքում ժպիտը դառնում է ամոթխած համբույր, սա ֆիզիկական առումով, իսկ հոգու և սրտի ապրումը մնում է նույնը, նույն սերն է, նույն փնտրտուքն ու ներքին մաքառումը:  Իսկ ահա երրորդ սերը՝ վարդը, ներկայանում է իսկական վարդի նման: Այս անգամ տղան ու աղջիկը թեև սիրում են իրար, բայց աղջիկը տղայի մոտ է գալիս նշանի շորում, նշանի մատանին մատին, որի վրա բանաստեղծն իր արցունքի կաթիլն է դնում: Շարունակվում է սիրո դրաման բանաստեղծի հոգում և էականն այն չէ, որ նրանք հեռու են իրարից. ամենամեծ ցավն այն է, որ բանաստեղծը գրում է. «թեկուզ յոթ քայլ է մեր արանքում, բայց անջատված ենք յոթ աշխարհով»:  Ու ստացվեց այնպես, որ երրորդ սերը խաղաց սիրահարի սրտի հետ, փշերը թողեց իրեն, բուրմունքով արբեցրեց ուրիշին.
                                      
                                       
Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
                                           
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
                                           
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
                                            
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։

  Ուշագրավ է, որ բոլոր ժամանակներում բանաստեղծի հերոսը սերը պատկերացրել և ապրել է նույն ձևով, ավելի շատ տալ և չառնել, լաց լինել, բայց չլացացնել, տառապել, բայց երջանկացնել՝ թեկուզ ուրիշ գրկում, այսինքն, ինքը սիրո աղբյուր էր, ոչ թե պահանջում էր սերը, այլ նվիրում: Մերժվելուց հետո անգամ նա ավելի շատ իրեն էր   դատապարտում ու երգ դարձնում այն վհատության պահը, որ աղջկան այլևս չէր տեսնելու և նրանից իր սրտում մնալու էր լոկ վերջին հանդիպման ժամանակ նրա լայնացած աչքերի ջինջությունը… և կամ մի այլ տարբերակում՝ սիրած էակին «բարի ճամփա» մաղթելուց, ստացած «մնաս բարովից», հարկադիր ծիծաղից ու թաքուն լացից հետո անգամ ցանկանում է, որպեսզի իր կուրծքը ցավի, որ սրտի տեղն իմանա: Եվ այդպես իրար գտնելուց ու հանկարծահաս կորստից հետո են գլխի ընկնում, որ մի ամբողջ կյանք են տանուլ տալիս: Եվ վերջապես այնպես է ստացվում, որ զույգերից մեկը առավոտ է հագնում, մյուսը՝ մայրամուտ, հետո դերերը փոխվում են և այլևս իրար չեն հանդիպում:

  Անձնական դրաման ավելի ուշ ստանում է կեչու կերպար՝ մերթ լուռ, մերթ սրտի պես բաբախող, մերթ սարսռում է՝ «ո՞վ գիտե ինչ է հիշում», հետո ձեռքով քշում է ցուրտ մշուշները գլխից, ապա շտկում մեջքը, ալեկոծվում, փրփրում, բայց և խրատներ տալիս: Կեչու կերպարը շարունակվում է նաև «Առավոտ և արև» ժողովածուում, կեչին չի անցնում ձորը, որ ջրվեժի հրդեհներում չայրվի: Սա բնության խենթ պատկեր չէ, սա հոգու փոթորիկ է, որ ժամանակ առ ժամանակ բռնկվել է ջրվեժի հրդեհների տեսքով, արեգակի հրդեհով, որ հրդեհողն ինքը դարձել է իր իսկ նահատակը և այս հրդեհներին հաջորդում է՝ «Ի՞նչ անենք, ասա…».

                                            Քամու վրա հույս դնել,
                                            Չէ, քամի է նա-
                                            Նա մեզ կարող է տանել-
                                            Ուր որ կամենա…

  Բանաստեղծի համար բոլոր իրավիճակները վերահսկելի էին, նա չի տրվում ոչ խենթ քամուն, ոչ մութ անտառի անորոշությանը, նա փորձում է դառնալ մի, ստեղծել միաձույլ համատեղելիություն՝ անընդհատ փորձելով բացահայտել «Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու» բանաձևումը ու հասկանալ ինչպես-ի և ինչու-ի մշտական տեղափոխությունը:

                                           
Խառնվեցին երկու «ես»
                                           Ու դարձան մեկ՝ «ես ու դու»,
                                           Դու չիմացար թե ի՞նչպես,
                                           Ես չիմացա թե ի՞նչու։
                                           Բայց չներեց բախտը մեզ,
                                           Ես դարձաես, դու էլ՝ դու,
                                           Դու չիմացար թե ի՞նչու,
                                           Ես չիմացա թե ի՞նչպես։
                                           Ու բախվեցինք մեկմեկու,
                                           Ու հեռացանք մշտապես,
                                           Եվ չիմացանք թե ի՞նչու,
                                           Եվ չիմացանք թե ի՞նչպես։
 
  Համո Սահյանի բանաստեղծության մեջ, սակայն, սիրո թեմատիկան հետագայում ստանում է միանգամայն այլ ընթացք: Նրա վերջին տարիներին գրված ժողովածուներում տեղ են գտել բանաստեղծություններ, որոնք իրենց տիեզերական ընդգրկումներով ու ապրումներով նախադեպը չունեն 20-րդ դարի հայ գրականության մեջ: Այդ ստեղծագործություններում սերն ու սիրո ապրումը գնահատվում է տիեզերական չափանիշներով: Այս իմաստով առանձնանում են «Ես հարուստ էի» և «Կգամ» ծրագրային բանաստեղծությունները, որոնք ամբողջությամբ հաստատում են Սահյանի պոեզիայում սերը տիեզերական չափանիշներով գնահատելու աղերսները:

  Ըստ Սահյանի, մարդու հոգևոր հարստությունը նրա անհատնելի երազանքներն են, վերհուշը, անվերջանալի կորուստներն ու տառապանքը, որոնք սակայն, բանաստեղծին միշտ դուրս են բերում նոր հղացումների եզերք: Այս միասնությունն է Սահյանին անընդհատ հասցրել տիեզերական ընդգրկումների, անսպառ համբերություն ու ներում տվել, անվերջանալի սպասումը դարձրել բաղձանք: Սիրո դաշնության հավիտենությունը երևում է տղամարդու ծայրահեղ նվիրյալ, ամենանվիրյալ վերաբերմունքի մեջ, այն ամենի մեջ, ինչը նպաստում է նրանց դաշնությանն ու միասնությանը: Եվ սիրված լինելն է մարդ-անհատի ամենամեծ ու անհատնելի հարստությունը.

                                          Ես հարուստ էի: Եվ թվում էր, թե
                                          Ինձանից հարուստն աշխարհում չկա
                                          Ու չի լինելու:
                                          Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
                                          Դու՝ անհատնելի իմ հարստություն:

  Համո սահյանի սիրերգության ամենամեծ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նա մշտապես փորձել է ոչ թե ուղղակի հասկանալ, այլ պեղել սիրած էակի ներաշխարհը: Եվ նրա անհատնելի հարստությունը հենց այդ սիրո օվկիանոսների խորխորատներն են, ուր չես կարող ուղղակիորեն թափանցել ու տեսնել մարդու մենությունը փարատելու, կյանքով լցնելու և վերընձյուղելու տիեզերականությունը, որը սակայն իր ամբողջական դրսևորումն է գտել «Կգամ» բանաստեղծության մեջ: Այնքան էլ հեշտ չէ գալ, գալ բոլոր իրավիճակներում, անկախ ցանկությունից ու խանգարող հանգամանքներից: Գալու համար լուրջ խիզախում է պետք և ջարդել, հաղթահարել է պետք այն բոլոր խանգարող հանգամանքներն ու խոչընդոտները, որոնք գոյություն ունեն ժամանակի և տարածության մեջ: Բայց, նույնիսկ այդ ամենից հետո գալը զուտ երջանիկ հանդիպում չէ, այն մենությունը փարատող երջանկության հետ մեկտեղ ցավ ունի, ցավ է բերելու, որ մեղմել կարելի է լուռ արտասվելով, կուլ գնացող ու ներս հոսող արցունքներով. և այդ լուռ լացը կարող է մեղմել այն մեղքը, որ թեև արդեն մեռած, բայց տակավին մեղք է.

                                              
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
                                              Անակնկալ դարձիս իրողությամբ
                                              Քո տան ու քո հոգու տարողությամբ,
                                              Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
                                              Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
                                              Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
                                              Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

   
Այսպիսի գալուստը տիեզերական է, քանի որ վերադարձը պիտի լինի մի այլ, անհայտ  մոլորակից  ու գուցե և գաղտնի թափ է տալու առանձնատան շեմքին հարդագողի փոշին՝ թերևս մոռացության տալու համար երկրային ամեն մի անցանկալի երևույթ՝ գալուստ ու հանդիպում, երազ թվացող, բայց կրքոտ, սպասված, գժվելու պատրաստ: Խենթ հանդիպման սպասումն ու երազը շարունակվում է մյուս բանաստեղծություններում, որտեղ սիրահարները երկուսն էլ ցերեկ են, իսկ ցերեկներն իրար չեն հանդիպում, որովհետև մեջտեղը գիշեր կա ու դա խանգարում է այնքան սպասված հանդիպմանը: Բայց սիրուց գժված «ցերեկների» համար և ոչ մի խանգարող «գիշեր» չի կարող լինել.

                                             Տեսնվենք ու գժվենք էս գիշեր
                                             Ու գժված գիշերը թող հիշի,
                                             Որ խելոք, խելքի ծով աշխարհում՝
                                             Մեզ նման Գիժ էլ կա՝ Ջա´նս…

  «
Ես հարուստ էի», «Կգամ», «Ցերեկը ցերեկին չի տեսնում…» բանաստեղծությունների մեջ թանձրացած են կյանքում և մարդկային հարաբերությունների մեջ հակասությունների պայքարի, ունենալու, նվիրելու, հանդիպելու միասնության երազն ու պատրանքը:

   Սահյանի վերջին շրջանի բանաստեղծություններում քիչ չեն ամուսնական կյանքի սահանքներով անցնող բանաստեղծությունները, այնպիսիք, որոնք շոշափում են բնավորությունների անհամատեղելիություն, հուսախաբություն, անհավատարմության հաճախ անբացատրելի ու անվերծանելի և այդօրինակ էլ ներվող խնդիրները: Սկզբում ընտանեկան կյանքի անհարթությունների շտկումը կարծես դժվարություն չի ներկայացնում, թվում է կոնֆլիկներից հետո նախկին սերն սկսում  վերընձյուղվել, բայց անհամատեղելիության կրկնողություններն աստիճանաբար խորացնում են հետզհետե առաջացող վիհը և զույգերը դառնում են երկու «հանդիպակաց քարափներ, որոնք ոչ հանդիպել են կարողանում, ոչ հեռանալ, ոչ հիշել են կարողանում, ոչ՝ մոռանալ»: Այն, որ միշտ նվիրել ու փոխարենը ոչինչ չի պահանջել, հետզհետե հակառակ սեռի մոտ զարգացրել է եսասիրության ախտանիշը: Վերջինս շահանջներ է նեկայացնում, ցանկանալով ամեն ինչ ստանալ անհատույց, ամուսնու պահվածքի կարգադրիչը լինել՝ ստիպելով, որ աչքերը փակի մինչև անգամ իր գործած մեղքերի առջև.

                                                 Դու ուզեցիր, որ ես
                                        
Փոխվեմ հազար անգամ,
                                        
Բայց և հինը լինեմ։
                                        
Քեզ ուրիշին տվիր
                                        
Եվ չուզեցիր անգամ,
                                        
Որ ես իմը լինեմ։

  Այս պարագայում արդեն ոչինչ չի մնում անելու, բացի հայտարարելուց.

                                                  
Թե մինչև ե՞րբ պիտի
                                       
Ես իմ տան մեջ՝ միակ
                                       
Ավելորդը լինեմ։

    Զույգերի միջև ներդաշնակությունն ապահովվում է մարդուն բնության կողմից շնորհված հատկանիշներով: Ձեռքբերովի կամ մտացածին երևույթները միայն կարող են խաթարել նույնիսկ կայացած դաշինքը: Մարդկային կեցվածքի բացասական լիցքերը կարող են շատ լինել: Բանաստեղծը կողմերից յուրաքանչյուրի մոտ տեսնում է դրանք և հայտարարում, որ կյանքում ոչ մի կողմին էլ դրանք հարկավոր չէին: Ինչպես, օրինակ, կողմերին պետք չէին «անհամեստ համեստությունը, անիմաստ իմաստնությունը, անփույթ զգաստությունը, փխրուն խստությունը, մտերմական խորթությունը, հաջողակ ձախորդությունը , ինքնիշխան ճորտությունը, նզովյալի օրհնությունը, անօգնական օգնությունը, անդաշնագիր դաշնությունը, անջատված միասնությունը, անկեսուր հարսնությունը, շիտակ թարսությունը, բարդ պարզությունը, ընդարձակ նեղությունը, ներող ահեղությունը, մեղավոր անմեղությունը, տիրական անտերությունը, ընկճված հպարտությունը, հաղթանակած պարտությունը, պարտված հաղթությունը», որոնք դարձել են, ի վերջո, երկուսի դժբախտությունը, ինչպես երևում է հենց այն պատճառով, որ բոլոր գնահատություններն իրարամերժ են՝ որոշիչը բացասում է որոշյալին և հակառակը:

  Հնարավոր է, անշուշտ, որ վերոհիշյալ գնահատությունները տանեն անջատման ու վերջնական բաժանման, սակայն մեղք գործելուց հետո անգամ, զույգերը փորձում են իրենց դաշինքի համար հավատի եզրեր փնտրել: Բայց, երբ մեղքը ներվում է, ներվածը հայտնվում է արտոնյալ վիճակում: «Դու ինձ չես ներում մեղքերիդ համար»,-ասում է բանաստեղծը, հետո, երբ կատարվում է ամենասոսկալին, գրում է.

                                     Իմ սրտով սիրածն իմ սերն ավերեց,
                                     Բռնեցի նրան ուրիշի գրկում
                                     Փոթորկվեց, եռաց արյունն իմ գլխում,
                                     Վրեժխնդրության ինձ հրավիրեց:

                                     Ներումն աղերսեց մեղավորն ու գութ
                                     Եվ նեղն ընկածի լացով ինձ նեղեց:-
                                     Ու ես ներեցիԲայց ամբողջ կյանքում
                                     Ներելուս համար նա ինձ չներեց:

 
Ավելին՝ «սրտով սիրածը» ուրիշի գրկում է եղել, իսկ բանաստեղծի համար՝ միայն երգի մեջ, բանաստեղծի ձեռքի մեջ էլ ուրիշինն է եղել, բանաստեղծի համար՝ միայն վերքի մեջ:

                            Առաջինն էիր, ու վերջինն էիր
                            
Իմ անքուն, անքեն տարերքի մեջ,
                            
Դու իմ ձեռքի մեջ ուրիշինն էիր,
                            
Իմն էիր միայն իմ վերքի մեջ:

  Եվ էլ ինչու զարմանալ, որ տղամարդը կնոջ համար «խոնարհ ջրկիրը» լինելուց հետո, փոխանակ գնահատանքի արժանանալու, ընդհակառակը, մեղադրյալ է, քանի որ ուժերի ներածին չափով ներել է կնոջ մեղքերը:
 
  Ժամանակ առ ժամանակ բանաստեղծը խաղաղորեն, խնդրանք-աղերսով պոռթկում է. «Այնպես կուզեի մեկին հավատալ», ապա շարունակում է՝ («Էլ բան չունեմ թաքցնելու»).

                                  Սկսել եմ ինձ ճանաչել
                                  Ոչ թե ինչ-որ խաբված սիրով,
                                  Այլ հոգուս մեջ շառագունած՝
                                  Երազներիս Կաթն-Ծիրով;
                                  …Մաքուր պահած իմ հավատով:

 
  Համո Սահյանի բանաստեղծական աշխարհում սիրո թեմատիկան շատ հաճախ ընդմիջվել է: Եվ, ինչպես նշվել է, նրա ապրումներին փոխարինել են վերապրումները, որոնք էլ վերաիմաստավորել են բանաստեղծի սերը: Սահյանի սիրո երգերը սիրո բռնկումներից չեն ծնվել, սիրո հրդեհներից չեն բռնկվել, դրանք վերապրվել են վսեմագույն զգացմունքի փոխակերպումներով:

  Բանաստեղծի վերապրումները հանգիստ չեն տվել նրան՝ «Գեթ մի օրով կրկնվեին պատանության օրերը», բայց և սա վերջը չէր, սերն այն ուժն է, որ միշտ առաջ է մղում մարդուն և կարող է կայծկլտալ ցանկացած տարիքում: Եվ այնպես է ստացվում, որ հետագայում բանաստեղծի սրտում բույն է դնում մի ուշագրավ սեր, որի բանաստեղծական արձագանքները տեսնում ենք նրա «Դաղձի ծաղիկները» և «Ինձ բացակա չդնեք» ժողովածուներում, քանի որ Սահյանի համար՝ «Աշխարհն ինձ համար դեռ չասված սեր է, սիրո սարսուռ է և սպասում…»: Ուշագրավ է, որ մինչ այդ գրված բանաստեղծություններում,
բանաստեղծը որևէ կնոջ անուն գրեթե չի տալիսԵս մեղավո՞ր էի» բանաստեղծության մեջ հանդիպում ենք Կարինեին),  բայց «Դաղձի ծաղիկներում» երևում է այդ ուշացած սիրո անունը.  մի այլ բանաստեղծության մեջ նույնիսկ բնակության վայրն է նշում: «Դաղձի ծաղիկները» խորագիրը չէր կարող ինքնանպատակ ընտրվել: Բանաստեղծն այն համարում է իր ուշացած երգերի ժողովածուն, այստեղ կան ուշացած սիրո ելևէջներ, դրանք երևում են նաև հայրենների շարքում: Դաղձը մարդկանց ուշադրությունը գրավում է գարնանը և օգտագործվում է, երբ դեռ բողբոջի տեսք ունի, իսկ երբ փարթամանում է, զրկվում է տեսքից ու զգլխիչ բույրից: Դաղձի ծաղիկներին էլ ուշադրություն դարձնող չկա: Ահա թե ինչ զուգահեռներով է խոսել բանաստեղծը: «Դաղձի ծաղիկները» ժողովածուի ուշագրավ բանաստեղծություններից է «Ուլրիկան»: Բանաստեղծության առաջին քառյակը աքրոստիկոս է, իսկ հաջորդող հինգ քառատողերը ներբողում են առաջին քառատողի անունը կրողին, որին բանաստեղծը համարում է «իր սերերի գլուխգործոցը», ինչպես նաև «առաջին հավատն ու վերջին սերը», որովհետև հավատում է, թե դա Գյոթեի Մարիենբաղյան էլեգիայի սահյանական կրկնությունն է: Սա արդեն 1985թվականին էր:

   Իսկ մինչ այդ, բանաստեղծը համարում է, որ ինքը դեռ չի հասել իր որոնածին ոչ միայն գրականության մեջ, այլև մտերմիկ անձնական կապերում ու հարաբերություններում: 1979թ. օգոստոսի 31-ին Յալթայի գրողների տնից ուղարկված մի նամակում նա երկու ութնյակ էր դրել: Մեկն այն ժամանակներում տպագրության չէր կարող տրվել, իսկ երկրորդը, որ մտավ հետագա ժողովածուների մեջ, այսպիսին էր.

                                                   Ինձ Քուռկիկ-Ջալալին էր պետք
                                                   Եվ մի Խանդութ-Խաթուն,
                                                   Չոր հացի մի բաժին էր պետք
                                                   Եվ մի Խանդութ-Խաթուն:
                                                   Ոչ դափնի, ոչ դիրք, ոչ դրախտ,
                                                   Ոչ Ավետյաց երկիր,
                                                   Սասնա տան բանալին էր պետք
                                                   Եվ մի Խանդութ-Խաթուն:

  Բանաստեղծին ներշնչանքի աղբյուր էր հարկավոր և ներշնչանքը ստեղծագործություն դարձնելու համար ընդամենը մի տնակ կամ մի քողտիկ: Ճիշտ այնպես, ինչպես Իսահակյանն էր ասում. «Արազիս ափին բոստանս լինի… 
                                             Հով ուռենու տակ քողտիկս լինի…» և այդ քողտիկում  ապրելով ինքը ծով-քրտինք թափեր Շուշանի համար:

   Արցունքով լվացված սերեր, որոնք խանձարուրային մեկնաբանությունններից հասան խոշոր ընդհանրացումների, փիլիսոփայական եզրահանգումների, այնուհետև դրանք երևացին ամուսնական կյանքի սահանքների ուժեղ կնիքը կրող կանխադրույթներով՝ հաճախ ավարտվելով մարդկային հարաբերություններում բնության ներդաշնակության որոնումներով, իսկ հաճախ էլ կյանքային զգացողությունները համամարդկային  չափանիշներով գնահատելու աղերսներով: Արցունքով լվացված սերեր՝ թաթախված անմեղ ու անարատ, ուշացած ու կորսված, անարձագանք ու չգնահատված մարդկային տվայտանքներով: Այս ամենը, սակայն, Համո Սահյանն իր վերջին ժողովածուում ամփոփեց մի քառյակով.
                                               Բոլոր սերերս ծերատ մնացին,
                                               Կենաց թասերս թերատ մնացին,
                                               Իմ երազները-չվող թռչուններ-
                                               Կես ճամփի վրա թերատ մնացին:


                                                
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

                             «Սահյանը այսօրից ավելի վաղվա բանաստեղծն է»:
                                                    
                                                                                        
Հրանտ Մաթևոսյան

 
Համո Սահյանի սիրերգության մեջ առանձնապես ուժեղ և անմիջական են պատանեկան անաղարտ սիրո մասին բանաստեղծություններըԿանչ», «Առաջին սեր», «Երկրորդ հարկի պատշգամբը», «Հրաշք լիներ», «Ես չգիտեի, թե ինչ է սերը» և այլն): Սիրային բանաստեղծություններում Սահյանն արտահայտել է նաև կարոտի, ցավի, հիասթափության, դառնության, հանդիպման ու բաժանման հուզական տրամադրություններ, բացահայտել մարդկային դրամատիկ ապրումների մի նոր աշխարհՉես ասի ոչ մի բառով», «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել», «Չհիշեի քեզ», «Կգամ», «Դու իմ կյանքն էիր» և այլն):

Վերջին շրջանի գործերում Սահյանն իրեն հուզող խնդիրներն արտահայտել է այլաբանական և փոխաբերական պատկերների միջոցով: «Խիղճդ մեռնի, աշխարհ, մուխդ մարի», «Թող աշխարհը ցավ չունենար», «Որ չքնի հանկարծ», «Հոգնել եմ արդեն», «Տարիներս» և այլ բանաստեղծություններում, «Հայրենի գյուղ», «Վերադարձ» պոեմներում բանաստեղծն ապրում է ժամանակի այրող խնդիրներով, նրան մտահոգում է Երկիր մոլորակի ապագան, մարդկային արատների կուտակումը, շեղումն առաքինության ճանապարհից:
·        
   Համո Սահյանի սերը մնում է վերապրումներից հրդեհված նվիրողի ու երբեք չպահանջողի մակարդակում: Սա այն զգացումն է, որն իր վեհությամբ ծածկում է ցանկացած դատողության և մտածողության սահման:
   Սահյանի սերն անքննելի է ու անչափելի. իր իսկ խոսքով՝ «Լացիս վրա ծիծաղելով անցավ իմ կյանքի ուղին…» («Ինձ հասկանալը մի քիչ դժվար է»):

  Եվ այստեղ է, որ տեղին է հիշել բանաստեղծի խոսքը, որ սրտիս կպավ, երբ դեռ տակավին պարմանուհի էի…
  Մինչ այդ հաղորդումը լսելը մեծ ոգևորությամբ էի պատրաստվում գրականության դասերին. այս գրողն այս տողով ցանկացել է սա ասել, նպատակն է ունեցել սրա, այնինչը՝ այն բառով կամ արտահայտությամբ ցանկացել է այն ասել...
Ու էդպես շարունակ...
 
Մի օր էլ, գրական-գեղարվեստական հաղորդաշարի հերթական հաղորդում էր, Սահյանն էր խոսում իր իսկ ստեղծագործությունների մասին, ասաց.
   -
Ո՞վ գիտի, թե ես այս բառերով ինչ եմ ուզել ասեմ. դա միայն ես գիտեմ. միայն ես կարող եմ ասել. ո՞վ է թույլ տվել մեկնաբանել գրողի գրածը և այն էլ՝ ով ինչպես կուզի. գրածն արդեն գրած է, ասվածն՝ ասված. էլ ասել ու մեկնաբանել պետք չի, զգալ ու հասկանալ է պետք..../փորձել եմ տարիների խորքից հնարավորինս ճիշտ վերարտադրել բանաստեղծի միտքը/:
   
Անցել են երկար ու ձիգ տարիներ, բայց ամեն անգամ որևէ բանաստեղծություն աշակերտներիս համար վերլուծելիս՝ ինչ-որ բան խանգարում է, իսկ Սահյանին՝ ուղղակի փորձում եմ հնչերանգով տեղ հասցնել...
   
Նա ասելիքն ասել է, մեզ մնում է միայն զգալ. հասկանալ ու զգալ


ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Շչորս
Դավթյան, Համո Սահյան, Ե., 2004։
2. Լևոն Մկրտչյան, Զրույցներ բանաստեղծի հետ (նվիրված է բանաստեղծ Համո 
   Սահյանին), Երևան, «Սովետական գրող», 1984, 184 էջ։
3. Նվեր Վիրաբյան, Լուսինե Մարգարյան, «Հայ դասական գրողներ։ Համո Սահյան»,
    Երևան
4. Հարություն Հովնաթան, Խոսում է Համո Սահյանը (զրույցներ), Երևան, 1992:
5. Դավիթ Գասպարյան, Համո Սահյան, Ե., 2004։
6. Համո Սահյան։ Բանաստեղծը։ Մտածողը։ Մարդը, Ե., 2001։
7. Խոսում է Համո Սահյանը, Ե., 1992։
8. Հայրապետյան Ա., Բնությունը և մարդը Համո Սահյանի պոեզիայում, Ե., 1974։
   Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը, Ե., 1977։


      9. Արմեն Հովակիմյան, Բանաստեղծի հավատամքը

     10. Նաիրա Խաչատրյան, Քարափների լույսը

Комментариев нет:

Отправить комментарий