ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 21 апреля 2020 г.

«Գլորիայի» համերաշխ աշխատակազմը

Ապրիլի 21-ին, Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակազմը, ըստ տնօրեն Բագրատ Դարբինյանի, առանց իր գիտության արտադրամաս էր «ներխուժել»՝ չենթարկվելով պարետի հրամանին: Բայց, ինչպես ներկայացրին ականատեսներն ու բանվորները, աշխատակազմն արտադրամաս էր հասել ֆաբրիկայի ավտոբուսներով: Ստացվում է, որ վարորդներն էլ են կարող բանվորուհիների հետ մի՝ ձեռք ձեռքի:
Ամեն ինչ շատ հանգիստ ու բնական կդիտարկեինք, եթե ծանոթ չլինեինք
աշխատակազմի իրավունքների խախտումների մասին մշտական, բայց գաղտնի բողոքներին: Գաղտնի, որովհետև իրավունքի որևէ կետի մասին բարձր խոսելն անգամ կարող էր հիմք դառնալ բանվորների աշխատանքից ազատվելուն: Հիմա, այս մշտապես շահագործվող բանվորուհիները, համարձակվել են առանց տնօրենի իմացության մուտք գործել արտադրամաս /դեռ լավ է, չի նշվում, որ դիմադրող պահակներին էլ մարմնական վնասվածքներ ու հայհոյանքներ են հասցրել/ և ավելին՝  սկսել են աշխատել, առանց տնօրենի գիտության:


 Իրավիճակը լուրջ մտածելու տեղիք է տալիս: Արտակարրգ իրավիճակ հայտարարելու առաջին իսկ օրերից, երբ խոսք էր գնում Գլորիայի աշխատել-չաշխատելու մասին, տնօրեն Բագրատ Դարբինյանը բացեիբաց հայտարարում էր, որ ինքը չի կարող վճարել բանվորներին հարկադիր պարապուրդի ընթացքում:

Հարց է առաջանում, երկար տարիներ, էժան աշխատուժ պահելով, հարկերից բացի էլի ինչ է արել ֆաբրիկան երկրի համար, որ հիմա ծառացած խնդիրն ամբողջությամբ ուզում է դնել պետության ուսերին:

Դեռևս հեղափոխության օրերին, երբ լսեցինք, որ նույնիսկ Գլորիայի բանվորությունն է դուրս եկել փողոց, մարդկանց ոգևորությանը չափ ու սահման չկար, որովհետև կարի ֆաբրիկան Վանաձորում հայտնի է իր ծայրահեղ բռնապետական կանոններով, իզուր չէ, որ այն անվանում են «կանանց գաղութ»:

Իսկ տնօրենն իհարկե, որոշ հակասություններով, բայց փորձում էր ներկայացնել, որ բանվորներն իրենք ուզել, իրենք էլ եկել են:

Հեղափոխության օրերին, ինֆորմացիոն արտահոսքը, սակայն, շատ արագ բացահայտեց, որ տնօրենն ինքն էր բանվորներին ուղարկել հրապարակ, քանի որ հոգնել էր սերժասաշիկյան 50/50 աշխատաոճից և զգացել էր, որ սա հարմար պահ է դրանից ազատվելու, այլապես, ինչպես կարող էին բանվորուհիներն ինքնագլուխ փողոց դուրս գալ:

Այս և նման բազմաթիվ իրավիճակներ և ներքին ինֆորմացիայի բազմաթիվ աղբյուրներ ունենալով, տեսնում ենք, որ այսօրվա իրավիճակն էլ այնքան էլ բանվորների կամքը չէ: Չեմ ուզում տարածել իմ աղբյուրներից ստացած ինֆորմացիան: Բավական է դիտել համացանցում «ցուցարարների» կողմից տարածված վիդեոները և ամեն ինչ ավելի քան պարզ կդառնա:

Բագրատ Դարբինյանը նշում է, որ չի կարող վճարել բանվորներին: Կարող բանվորուհիների գերակշիռ մասը ընտանիքի միակ կերակրողն է: Այո, ծանր է իրավիճակը, մանավանդ որ չգիտենք, թե դեռ ինչքան կձգվի այս դրությունը: Ընտանիքին կերակրել է պետք, գործատուն հրաժարվում է վճարել:
Մի կողմից սոցիալական խնդիրն է կախված հասարակ ու չարքաշ աշխատողի գլխին, մյուս կողմից՝ COVID-19-ով վարակվելու վտանգը: Վարակի որևէ դեպք այստեղ գրանցվելու դեպքում՝ կաթվածահար կլինի երկրի ողջ առողջապահական հնարավորւթյունը...
Բանվորուհիները հայտնվել են, ինչպես ժողովուրդն է ասում՝ 2 ջրի արանքում և ստիպված անում են այն, ինչ իրենց հրահանգում են...

Հ. Գ. Ափսոսում եմ միայն, որ մարդիկ շարունակում են խաղաքարեր մնալ ղեկավարների ձեռքին:

Комментариев нет:

Отправить комментарий