ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 11 июля 2015 г.

Պտույտ մ'ը Վանաձորին թաղերուն մեջ

թիվ 25 դպրոց
  Ժամը 21:30-ի սահմաններում էր.  մեջս ինչ սատանա մտավ` չհասկացա, որոշեցի մի փոքր քայլել: Մեր հարևան տատիկը զարմացավ, որ այդ ժամին ու մենակ դուրս եմ գալիս:
-Մեքենայով ես գնում պտտվե՞ս, -հարցրեց:
-Չէ, մի քիչ քայլեմ, գամ:

  Մեր հարևան տատիկն այդ երեկո միակ զարմացողը չէր. Բազում թաղամասի մի խումբ պարապ տղաներ (չեմ ուզում վիրավորական բառ գրել) ևս զարմացան. շատ երկար ու ուշադիր նայեցին ինձ ու ճեմող ընթացքիս. երևի ուզում էին հասկանալ, թե ով է երկնակամարն իրենց հետ կիսել համարձակվողը...


 Ու նրանք չհասկացան և որտեղից պիտի հասկանային, որ այդ մեղմ քայլերը հաշվում են էլեկտրասյուները, էլեկտրասյուների միջև հեռավորությունը, ապա նաև` աշխատող ու փչացած լամպերի քանակը:

  Եղանակը հիասքանչ էր. հաճելիորեն մեղմ ու տրամադրող. բայց «չար» մարդու վրա չի կարող անգամ ամառային զով ու խաղաղ երեկոն ազդել. ու սկսվեց...

 
 Թիվ 25 դպրոցի մոտ հանկարծ հայտնվեցի
իսկական մթության մեջ:
  Այ քեզ բա՜ն.. Էս ո՞վ է իմ լույսի հաշվին խնայողություն անում. հետո լեզուս կծեցի, որովհետև ես խելացի եմ ու անմիջապես հասկացա.
-Ահա թե ինչու Վանաձորի քաղաքապետը կողմ է խոսում էլեկտրաէներգիայի թանկացմանը. ինքը խնայե՛լ գիտի:

  Դե, ես մութը սիրող մարդ եմ ու այն ինձ ձգեց. սկսեցի Համբարձումյան փողոցից քայլել դեպի Շինարարներ. մթությունը շարունակվում է, բայց էստեղ բախտս բերեց. այդ պահին նշված փողոցով երթևեկող մի մեքենայի լուսարձակներն այնքան հզոր էին, որ ես կարողացա նախկին Լուսատեխնիկական գործարանի պատին փակցրած փողոցի անվանումը կրող ցուցանակը լուսանկարել:








Հայք պլաստ
  Իջա մինչև կանգառ (նախկինում կոչվում էր` Լուսատեխնիկական գործարանի կանգառ): Այստեղ էլ բախտս բերեց. նախկին Լուսատեխնիկական գործարանն այժմ դարձել է «Հայք պլաստ». եվրոդռներ ու պատուհաններ է արտադրում. չմոռանամ ասել, որ բավականին որակյալ արտադրանք ունի, սեփական օգտագործման արդյունքն եմ ասում. բայց հիմա էդ արտադրանքը չէ, որ պիտի գովազդեմ:

  Հայտնվեցի մի շատ մութ կանգառում. 2 քայլի վրա մարդու դեմքն իսպառ անտեսանելի էր. միակ լուսատուն այդ տարածքում`  «Հայք պլաստի» ճակատային մասում առկա 2 լուսարձակներն էին:

  Ինձ շատ վիրավորված զգացի. քաղաքի ծայրամասում ապրող բնակիչն ամեն ինչից է զրկված, ընդհուպ մինչև նորմալ աղբահանության պակաս, հիմա էլ` էլեկտրաէներգիայի խնայողություն` մեր հաշվին:

  Պտույտի մ'ը արդյունքը.
  Դիմաց թաղամասի վերջին կանգառից մինչև Բազում` Շինարարների փողոցը միակողմանի է լուսավորվում: Կներեք, շփոթվեցի. պիտի՛ միակողմանի լուսավորություն ունենա...
  Կանգառից կանգառ 12 էլեկտրասյուն կա, միմյանցից 50մ հեռավորության վրա. դրանցից 5-ի լամպերը չեն վառվում: Չվառվող, կամ մեղմ ասած` փչացած 5 լամպերից 3-ը կողք կողքի են, հենց դպրոցի դիմաց: Այս պատկերը ես տեսնում եմ արդեն 1 ամսից ավելի:

  Հարց. Ինչո՞վ են զբաղված Վանաձորի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնում. թե՞ էդէլ հոսանքի վարձավճարները գրպանելու մի լավ առիթ է ու այդ առիթը համապատասխան մարդկանց կողմից բաց թողնելը կհամարվի ամոթ....

  Հ. Գ. Փնտրում եմ այսօրվա բացահայտման մեղավորներին. ես մեղադրում եմ հարևաններիս, ընկերներիս, բարեկամներիս. մի խոսքով բոլոր նրանց, ովքեր կարող էին այսօր ուղեկցել ինձ զբոսանքիս ժամին, զբաղեցնել միտքս ու էսքան բանն էլ չէր լինի...

Комментариев нет:

Отправить комментарий