ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 30 апреля 2014 г.

Շնորհակալություն Լիզային

  Վանաձորի անձնագրային բաժնի բազումի մասնաճյուղը նոր էր բացվել. երևի մի տարի, կամ մի քիչ ավելի ժամանակ էր անցել. աջից-ձախից պետին գովում էին:
  Դե, ինչ կասես, եթե աչքովդ չես տեսել:
Բայց, ինչպես նման դեպքերում է լինում՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ:
  Անձնագրիս ժամկետը լրացել էր, էդ փաստաթուղթն էլ ահավոր մաշվել /դե ամենօրյա գործածական վիճակից/. որոշեցի ոչ թե ժամկետը երկարացնել, այլ՝ փոխել:

   Մի առավոտ գնացի անձնագրային բաժին, ինչպես բոլորը, ես էլ սպասեցի իմ հերթին, բայց բնավորությանս համաձայն այդ ընթացքում մի քանի քաղաքացիների համար տարբեր դիմում-հայտեր լրացրի. հերթս եկավ, շատ արագ ամեն ինչ կարգավորվեց, դուրս էի գալիս, բայց դռների մոտ միտքս փոխեցի. շրջվեցի. ,,Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ ՝ Ձեր աշխատանքի ու վերաբերմունքի համար. լսել էի, բայց ուզում էի ինքս համոզվել, շնորհակալ եմ, փաստորեն, ճիշտ էին տեղեկություններս, - ասացի Լիզային /ազգանունն էս պահին ոչ մի կերպ չեմ հիշում/, ներկայացա ու հրաժեշտ տվեցի:
  Չգիտեմ Լիզան ինչ զգաց իմ շնորհակալությունից, որ միայն իմը չէր, ես փոխանցեցի շատերի գոհունակությունը, որ ինձ էր հասել, բայց ես հպարտություն զգացի, արժանապատիվ քաղաքացի՝ արժանացած արժանապատիվ վերաբերմունքի:
   Եվ միայն այսօր եմ հասկանում, որ մեր շրջապատում այնքան գռեհիկ ու վատ վերաբերմունքի ենք բախվում, որ սովորական մարդկային վերաբերմունքն արդեն արտասովոր է թվում: Մի կողմից լավ է, այս դեպքում լավ վերաբերմունքը գոնե շնորհակալությամբ է գնահատվում, մյուս կողմից՝ ինչու է մեր կյանքում լավն այնքան քիչ, որ զարմանում ու ոչ բնական ենք համարում:

Հ. Գ.  Ամեն դեպքում, համաձայն եմ, թող մարդիկ բարի ու լավ վերաբերմունքի արժանանան և երբեք չմոռանան փոխադարձ շնորհակալության մասին:

Комментариев нет:

Отправить комментарий