Առաջարկություն՝ հայոց լեզվի
չափորոշչի՝
Հայոց լեզուն`ռուսերենով ուսուցմամբ դպրոցների համար.
Հայոց լեզուն`ռուսերենով ուսուցմամբ դպրոցների համար.
Այսօր մենք ունենք «Մայրենիի» դասագիրք և չափորոշիչ, որը նույնությամբ կիրառվում է և´ հայերենով, և´ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, այն դեպքում, երբ ուսումնական պլանով ժամաքանակները խիստ տարբեր են:
1. Մայրենի /հայոց լեզու/ առարկան ուսուցանելիս՝ առաջարկում եմ.
Տարբերակ ա. տառուսուցումն սկսել 2-րդ դասարանից.
Առաջին դասարանում՝ բանավոր խոսքի, հայերենով հաղորդակցվելու կարողությունների զարգացում.
Տարբերակ բ. Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում «Մայրենիի» /հայոց լեզվի/ դասաժամերը հավասարեցնել հայերենով ուսուցմամբ դասարանների դասաժամերին.
Տարբերակ գ. Ստեղծել նոր դասագրքեր՝ հաշվի առնելով ռուսերենով ուսուցմամբ դասարաններում ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը, ազգային և կրոնական առանձնահատկությունները և այլն.
Հիմնավորում.
Յուրաքնչյուր տարիք ունի իր առանձնահատկությունները: Հոգեբանները պնդում են, որ 4-7 տարեկան երեխաների մոտ լեզուների ուսուցումն ավելի մեծ արդյունք է տալիս: Այլ խոսքով`այս տարիքային խումբն օժտված է միաժամանակ մի քանի լեզու յուրացնելու բացառիկ ընդունակությամբ: Նրանք հեշտ են յուրացնում, մտապահում և իրենցը դարձնում լեզվի բառապաշարը: Խոսքը օտար լեզուների մասին է, այն էլ` լեզվի բանավոր յուրացման մասին:
Ինչ վերաբերում է տառուսուցմանն ու գրավոր խոսքին` այստեղ արդեն պատկերը փոխվում է: Սովորական մտավոր կարողությունների տեր 5,5-6 տարեկան ոչ բոլոր երեխաները կարող են միաժամանակ յուրացնել 2 լեզվի այբուբեն, գրել-կարդալ սովորել միաժամանկ 2 լեզվով: Սա հոգեբանների կարծիքն է:
Խնդրի վերաբերյալ ուսուցիչների կարծիք էլ կա: Հիմք ունենալով իմ սեփական փորձը, սկսեցի հարցում անցկացնել ռուսերենով ուսուցմամբ մի շարք դպրոցների «հայոց լեզու» առարկան դասավանդող ուսուցիչների շրջանում: Պարզվեց, որ հիմնականում բախվում ենք նույն խնդրին: Արդեն 10 տարուց ավելի ռուսերենով ուսուցմամբ առաջին դասարաններում հայոց լեզուն ուսուցանվում է գրեթե ռուսերենին (ռուսերենը հիմնականում նրանց մայրենի լեզուն է, թեև հաճախ այս դպրոցներում մոլոկանների հետ կողք կողքի սովորում են նաև եզդի, հույն, այլ ազգերի երեխաներ) զուգահեռ:
5,5-6 տարեկան երեխան, նույն օրը ծանոթանում է ռուսերեն այբուբենի նոր տառին, ապա, անմիջապես հաջորդ դասին` նոր հայերեն տառ է տեսնում: Ընդ որում, հայերեն տառը տեսնում է բառիս բուն իմաստով ու գրեթե միայն այդքանը, քանի որ ռուսերենով ուսուցմամբ 1-2-րդ դասարաններում հայոց լեզուն ուսումնասիրվում է շաբաթական ընդամենը 3 դասաժամով: Այսինքն, այս դասարաններում հնարավոր չէ տառի ուսուցում, առավել ևս` ամրապնդում, նաև` ժամանակի ու ժամաքանակի առումով:
Եթե հաշվի առնենք, որ դպրոց հաճախող 5,5-6 տարեկան հայ աշակերտը առաջին դասարանում իր մայրենի լեզուն ուսումնասիրում է և տառուսուցումն իրականացվում է շաբաթական 7-9 դասաժամով, ապա ուղղակի անընդունելի է նույն ծրագիրը ուսուցանել մոլոկան երեխաներին` շաբաթական ընդամենը 3 դասաժամով (այսինքն` գրեթե 3 անգամ պակաս): Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այս դպրոցները հիմնականում գտնվում են այլազգիներով բնակեցված գյուղական համայնքներում, որտեղ չկան նախակրթարաններ,իսկ, եթե նույնիսկ կան, այստեղ կրթադաստիարակչական ողջ գործընթացն իրականացվում է ռուսերենով, կենցաղում և միջանձնային շփումների ժամանակ ևս օգտագործվում է բացառապես ռուսերենը. այստեղ հաշվի ենք առնում ազգային փոքրամասնությունների, կոնկրետ դեպքում մոլոկանների ազգային և կրոնական առանձնահատկությունները. (Սա ՀՀ Սահմանադրությամբ է ամրագրված)
Այն, որ մոլոկաններն ընտանիքում չեն խոսում այլ լեզվով, այդ թվում նաև հայերեն` (սա մոլոկանների ազգային-կրոնական առաջնային առանձնահատկություններից մեկն է)
Բայց ինչպե՞ս: Հնարավոր է արդյոք ընդամենը 45 րոպեում երեխային սովորեցնել տառի գրությունը, արտասանությունը, էջում առկա նվազագույնը 10-15 բառերը, բառակապակցություններն ու հետագայում նաև` նախադասություններն ու տեքստերը (ընդ որում` «Այբբենարանում» առկա են բառեր, որոնք քիչ կամ հազվադեպ գործածական են հայերենում): Այս ամենի հետ մեկտեղ պետք է գաղափար տալ հնչյունի, տառի, վանկի և լեզվի մյուս բաղադրիչների ու քերականական առանձնահատկությունների մասին:
Ռուսերենով ուսուցմամբ դպրոցների առաջին դասարանում նախատեսված 30 ուսումնական շաբաթների առաջին մասը տրվում է բանավոր խոսքի ուսուցմանն ու զարգացմանը: Երկրորդ հատվածը` 2-րդ կիսամյակը, ընդգրկում է տառուսուցումը: Նույն դասարաններում ռուսաց լեզվի տառուսուցումն ըստ ծրագրի ավարտվում է ապրիլի վերջին: Ստացվում է այնպես, որ աշակերտը զուգահեռաբար ստիպված է սովորել` ուսումնասիրել և յուրացնել` իրենը դարձնել 2 լեզու՝ իր մայրենի-ռուսերենը և ՀՀ պետական լեզուն՝ հայերենը, այսինքն, միաժամանակ սովորում է և 2 լեզվի այբուբեն: Արդյունքում տուժում է և՛ ուսուցչի աշխատանքը, և՛ աշակերտի կրթությունը: Ընդ որում, 1-ին դասարանի 2-րդ կիսամյակում ունենում ենք առավելագույնը 15 ուսումնական շաբաթ, այսինքն` հայոց լեզվի 45 դասաժամ (սա` առավելագույնը, երբ տոներն ու հիշատակի օրերը չեն համընկնում այդ դասաժամերին ու կրճատում դրանք): Մաշտոցյան այբուբենն ունի 39 տառ, որը պետք է ուսուցանել 5,5-6-ամյա այլազգի երեխաներին`45 դասաժամում: (Էստեղ բոլորովին ավելորդ եմ համարում խոսել հայոց լեզվի բարդ հնչյունական համակարգի մասին. միայն նշեմ, որ 12 հնչյուն-տառ ուղղակի գոյություն չունի ռուսաց լեզվում և մոլոկանների համար այդ հնչյունների միայն ճիշտ արտասանությունը սովորեցնելը բավականին ժամանակատար է):
Խնդիրը լուրջ է, առաջարկում եմ վերանայել հայոց լեզվի ուսուցման ծրագիրն ու դրանց չափանիշները` ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում: Կարելի է առաջին դասարանում ազգային փոքրամասնություն կազմող երեխաների մոտ զարգացնել բանավոր խոսքը, 2-րդ դասարանում, միայն, սկսել տառուսուցում: 90 դասաժամը (45-ի համեմատությամբ) որոշակիորեն բավարար կլինի տառուսուցման որոշակի արդյունքի հասնելու համար: Բացի դրանից, այլազգի աշակերտները ստիպված չեն լինի միաժամանակ 2 լեզվի այբուբենը յուրացնել միաժամանակ: Բայց նույնիսկ այս դեպքում պետք է նրանց համար վերանայել հայոց լեզվի դասագրքերն ու չափորոշիչները:
Սա կլուծի ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում հայերենի ուսուցման հետ կապված բազմաթիվ այլ խնդիրներ ևս:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1.- Ազգային փոքրամասնությունների լեզվի ու մշակույթի զարգացման խրախուսումը միջազգային ասպարեզում ՀՀ վարկն ապահովող պայմաններից է / ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 18-ի Ն 138 որոշմամբ` Պետական ծրագիր ՀՀ լեզվական քաղաքականության ծրագրի հիմնադրույթներ /Բաժին 1/
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2.- ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 18-ի Ն 138 որոշմամբ` Պետական ծրագիր ՀՀ լեզվական քաղաքականություն. Բաժին 3. Հիմնախնդիրները և գործողությունները
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3. – ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին. Գլուխ 2. Երեխայի հիմնական իրավունքները և դրանց երաշխիքները. Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4. – ՀՀ օրենքը խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին. Գլուխ 1, հոդված 1, 2, 3
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 5. – ՀՀ օրենքը լեզվի մասին. Հոդված 2. Կրթության լեզուն
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 6. – Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները –Հոդված 26, Հոդված 41
ՀՀ Լոռու մարզ.
Լերմոնտովոյի Ե. Ուդալցովի անվան միջն դպրոց.
Հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի` Նարինե Մաթևոսյան
Комментариев нет:
Отправить комментарий