Թբիլիսիի
Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում էինք, տեղի ունեցած դեպքերի մասին փորձեցինք խոսել
Վիրահայոց թեմի առաջնորդի հետ, բայց թեմայի հետ կապված՝ մեզ ընդունեց մամուլի ծառայության
ղեկավար Սուսաննա Խաչատրյանը: Նա նշեց, որ
դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:
Դեպքի ականատեսները պատմում են, որ մի վրացուհի չէր կարողացել մեքենան կայանել, չէր էլ ընդունել եկեղեցու քահանայի և աշխատակիցների օգնությունը, աղմուկ էր բարձրացրել, զանգել ընկերներին: Մեքենան դուրս են բերել, հեռանալիս, սակայն, եկեղեցու ծառայողները լսել են, թե ինչպես է այդ անձնավորությունը հայհոյում, ընդ որում դրանք ուղղված են եղել ոչ թե որևէ կոնկրետ անձի, այլ հայ ժողովրդին: Հայ երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչու է հայհոյանքներ թափում, ի պատասխան, նա դուրս է եկել մեքենայից և ռետինե ձեռնափայտով հարձակվել, սկսվել է ծեծկռտուք:
Իրականում մյուս կողմը չէր խաղաղվել.
- 18:30-ի կողմերն էր, ես պատրաստվում էի տուն գնալ, իսկ եկեղեցում Մկրտության արարողություն սկսվեց: Վրացական կողմը՝ 30-40 հոգիանոց խմբով գալիս, դարանակալվում է եկեղեցու շրջակայքում, սպասում են, թե երբ կավարտվի արարողությունը և դուրս կգան եկեղեցականները ևս, ու անցնում են հարձակման: Հարձակվում են եկեղեցու իրավաբանական բաժնի տնօրենի՝ Լևոն Իսախանյանի վրա, գետնում նրան: Կռիվ է սկսվում, որին միանում են եկեղեցու 4 աշխատակիցներ՝ այդ թվում նաև Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Վրացական կողմի ձեռքին գարեջրի շշեր են եղել և սուր գործիք, կան վիրավորներ: Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում գործ է հարուցվել՝ որպես խուլիգանություն՝ կենցաղային հողի վրա:
Այս կարգավիճակի հետ համաձայն չեն սբ. Էջմիածին եկեղեցում:
- Մենք խնդիրը դնում ենք այսպես. եղել է կազմակերպված հարձակում, մտադրված. եթե գալիս են եկեղեցու վրա, Աստծո տուն 30-40 հոգի, կազմակերպված հարձակում են գործում, ինչ գնահատական կարող ենք տալ սրան: Մեր նպատակն է՝ բացահայտել կազմակերպիչներին և դատապարտել երևույթը՝ կրկնություն չունենալու համար,-շարունակում է տիկին Սուսաննան և ցավով ավելացնում,-սա այս տարի եկեղեցու հետ կապված արդեն թվով երրորդ դեպքն է: Մենք ազգամիջյան կոնֆլիկներ չենք ուզում, մեզ խաղաղ ու հանգիստ կյանք է պետք, նորմալ, բարիդրացիական հարաբերություններ են վրացիների հետ, բայց նման կոնֆլիկտներ չպետք է լինեն, մեղավորները պետք է պատժվեն,-եզրափակեց Սուսաննա Խաչատրյանը:
Комментариев нет:
Отправить комментарий