ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 13 мая 2015 г.

Հայկազ Ալեքի Իգիթյան



Հայրենական մեծ պատերազմի վետերան, Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկազ Ալեքի Իգիթյանի համար մայիսը տոնական և հոբելյանական ամիս է ոչ միայն եռատոնի առումով: Մայիսի 13-ին Հայկազ Իգիթյանը տոնելու է 90-ամյակը: Ծնվել է 1925թ. Գյումրիում` գաղթականի ընտանիքում. Ծնողները գաղթել են պատմական Ղարսից:

10-րդ դասարանն ավարտել է ու զորակոչվել բանակ. Մինչև Թիֆլիս մարդատար վագոններով գնացինք, էնտեղից` բեռնատարներով տարան,-հիշում է իր կյանքի 9-րդ տասնամյակը թևակոխած վետերանը:



63-րդ դիվիզիայում է ծառայել, կարճ ժամանակում ստացել սպայական կոչում.
1945թ. Փետրվարի 20-ին վիրավորվել է ոտքից. մինչ այդ էլ մի քանի անգամ վիրավորվել է, բայց սա լուրջ էր,-հիշում է նա: Պատերազմի ավարտին ընդամենը մի քանի օր էր մնացել, իսկ Հայկազ Իգիթյանը հոսպիտալում էր:
Մայիսի 5-ին բժիշկները խորհրդակցություն են հրավիրում, որոշում են, որ պետք է կտրեն ոտքը: Վիրահատությունը նշանակվում է մայիսի 13-ին, իր իսկ ծննդյան օրը: Իգիթյանը թեև հրաժարվում է, բայց էստեղ կարևոր դեր է խաղում գլխավոր վիրաբույժի կինը:

-Իմ երկրորդ ոտքի համար պարտական եմ գլխավոր բժշկի կնոջը` Տատյանա Օսիպովնային,-պատմում է,-նա չթողեց, որ ոտքս կտրեն. սա պատերազմական տարիներից իմ ամենալավ հիշողությունն է:
Պատերազմից մնացած բազմաթիվ հիշողությունների կողքին և լավն է հիշում, և վատը, բայց ամենավատը`
երբ սոված էինք. 44թ. Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն էին. Էստոնիայում պայթեցրել էինք գերմանական պահեստները, տարածքներն ազատագրելուց հետո առաջին բանը որ հիշում եմ, կաղամբի բլուրներն էին, հսկող զինվորներին զենքի ուժով ստիպեցինք հեռանալ ու սկսեցինք ուտել. Դե աղիքային հիվանդություն ընկանք. 15 օր փշալարերի մեջ պահեցին, մինչև բուժվեցինք:

Վիրավոր ոտքով նրան թիկունք են տեղափոխում, ապա` զորացրում. բայց տուն հասնելն էլ դժվարություն էր. ընկերոջ հետ բազմաթիվ թղթեր են պատրաստում, բայց իզուր. 2 ռուս աղջիկ են մոտենում, իրենցից տարիքով մեծ: Պայմանը հետևյալն էր` պիտի ներկայանային որպես ամուսիններ, այդ դեպքում հեշտ կլիներ տուն հասնելը. ստացվում է. տեղավորվում են գնացքում, հետո դուրս գալիս սնունդ գնելու, գնացքը շարժվում է ու դարձյալ մնում են տեղում…
առանց փաստաթղթերի, առանց ուսապարկի.
դիմում են համապատասխան մարդկանց, ի վերջո ստացվում է տուն հասնել:

Դեռ պատանեկան տարիներից Իգիթյանը լուսանկարել շատ էր սիրում, 5-րդ կուրսի ուսանող էր, երբ ձեռք է բերում թանկարժեք ֆոտոապարատ. սկսում է նկարներ անել, նաև դրամ է վաստակում.
իր ապագա կնոջը` Լյուդմիլա Ադոլֆովնա Դուդեի հետ ծանոթանում է նրան նկարելու, ապա նկարը փոխանցելու ժամանակ:
-Նկարեցի, տեսա սիրուն է, հավանեցի, մտերմացանք……….

Պատերազմի մասին ամեն ինչ չէ, որ պատմում եմ երեխաներիս, թոռներիս. Պետք չի, որ ամեն ինչ իմանան,-ասում է նա:
Չի դժգոհում իր այսօրվա վիճակից. Գոհացող հոգի ունի, սիրում է իր երկիրը, համոզված է, որ վաղվա օրն ավելի լավ է լինելու: Մի քիչ ձանձրանում է, արդեն 5 տարի է, աշխատանք չունի, տեսողությունն էլ այն չի, որ կարդա, զբաղվի:
Խնամքով պահում է իր բոլոր փաստաթղթերը, գրքերն ու լուսանկարներ: Բոլորի տեղն էլ գիտի, դրանք բոլորն էլ խնամքով դասավորված են:

Այս տարի էլ մայիսի 9-ը մի կարգին կտոնի. Իսկ մինչ այդ` կատակում է.
-
Դե մի լավ կգցենք :

 

Комментариев нет:

Отправить комментарий