ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 16 апреля 2016 г.

Երբ չբարևելը փրկություն է

  3-րդ դասն ավարտվեց, դուրս եկա դասարանից ու մինչև ուսուցչանոց հասնելը, 2-րդ հարկի միջանցքը ստիպված էի ամբողջությամբ կտրել անցնել. իսկ այդ միջանցքի ուղիղ կենտրոնում 9-րդ դասարանն է, իսկ այդ դասարանի բաց դռան մոտ այն աշակերտը, որին չեմ ուզում բարևել, բայց, որպես ուսուցիչ՝ ստիպված եմ: Թարսի նման, էդ երկար միջանցքում, որ միշտ աշակերտաշատ է հատկապես երկար դաամիջոցին, ոչ ոք չկա, բացառությամբ մեզ՝ երկուսիս:

 
  Իրարամերժ մտորումներով մոտենում եմ ու ինձ նախապատրաստում, որ ուղղակի պարտավոր եմ բարևին պատասխանել ու....
...Հիմա էլ եմ խոր շունչ քաշում, երբ հիշում եմ, որ նա ինձ չբարևեց: Ես նույնիսկ երջանիկ եմ, որ նա ինձ չբարևեց, բայց, հետաքրքիր է, ինչ է մտածում հիմա...

                                                    *                             *
                                                                   *
  Չարաբաստիկ ապրիլյան դեպքերից հետո, ես, որպես փոխտնօրեն, ապա, 9-րդ դասարանի նախկին դասղեկ, և վերջապես, որպես ուսուցիչ, խոսեցի դեպքերի մասին, առաջարկեցի միանալ օգնության ակցիային, ով ինչ, ինչքան ու ինչպես կարող է, նույնիսկ՝ 10, 50 դրամ, կարևոր չէ ով ինչքան, կարևորը՝ աջակցելու գաղափարն էր:

 Հաջորդ օրը, որ անցած ուրբաթն էր, մտնում եմ դասարան, տեղեկանալու, թե ինչ են որոշել, ինչ են անելու. դասարանի ավագը՝ Իգորը, նշում է, որ գումար են հավաքել և ներկայացնում ցուցակը:Ցուցակում, մի քանի անունների դիմաց ը դատարկ էր:

  Մի քանի աշակերտ նշեցին, որ վաղը կբերեն գումարը, նայեցի ցուցակը, մի աշակերտ էր մնում, նայեցի նրա կողմը ու միանգամից հարցրի, պատասխանելու պես.
 -Մոիսեյ, իսկ դու, դու չես բերելու, չէ...
-Չեմ բերելու,-պատասխանեց նա:

  Ես երկար խոսեցի, փորձեցի որոշ բացատրություններ տալ նորից, մինչ այդ ամեն ինչ մակերեսային էի ասել, հիմա հասկացրի, որ էն Թալիշցի փոքրիկին, ում հայրը սահմանում է, հաց է պետք, նա էլ է ուտել ուզում. եթե ձեր տանը ևս վատ է վիճակը, կարող եք ուղղակի գյուղի փողոցներից, մերձակայքից երկաթ հավաքել, հանձնել հավաքման կետ ու էդ գումարը փոխանցել ըստ անհրաժեշտության...../ուղղակի գործող տարբերակ հուշեցի/, պատմեցի, որ վանաձորցի փոքրիկները եկեղեցու առաջ օգնություն էին հավաքում, ու սա նրանց իսկ նախաձեռնությունն էր, որ այսօր բոլորն են իրար օգնում, Հայաստանը մեկ ընտանիք է դարձել:

  Երկար ու տարբեր խոսեցի, բայց էդպես էլ չհասկացա, թե ինչ են սովորեցնում էդ ընտանիքում իրենց երեխային: Ի դեպ, էդ միակ աշակերտն էր, որ անցած տարի չմասնակցեց Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
 
  Ես թույլ գտնվեցի ու խոսելու ընթացքում գրեթե չկարողացա զսպել արցունքներս. դուրս եկա դասարանից: Վիրավորանքից խեղդվում էի ու ինքս ինձ մտածում, լավ, բա ես ինը տարի ինչ եմ սովորեցրել էս էրեխեքին, լավ, բա էդքան պահպանողական, կրոնավոր ու Աստվածաշունչ կարդացող մարդիկ, ինչպես կարող են ձեռք չմեկնել կարիքավորին:

  Նաև փորձում եմ հասկանալ, ինչու են նրանք այդպես վարվում, մի թե Հիսուսը չսովորեցրեց օգնել կարիքավորներին...

  Կան բաներ, որ ուղղակի պարտավոր ես չներել...

Հ․ Գ․ 8 տարի անց․
Փաստորեն, նա մտածում էր, որ իր օգնությամբ նպաստում էր սպանելուն, խրախուսում էր պատերազմը․․․
Որքան մարդ, այնքան կարծիք․․․

Комментариев нет:

Отправить комментарий