ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 15 декабря 2016 г.

Հեքիաթ, թե....









  Լինում է, չի լինում մի երկիր...
  Էս երկրում՝ մի սիրուն, կանաչ Լոռի:
  Աշնանը Լոռին նախշուն է հագնում, ձմռանը՝ չեփ-ճերմակ:
 
  Դե, ձյունն այդքան էլ առատ չէր այդ ձմեռ, սովորականի նման, ուղղակի բնակիչների մասին մտածող չկար: Առավոտյան բնակիչները շտապում են աշխատանքի: Ում բախտը բերել է, քաղաքի ներսում է աշխատում, մի կերպ հասնում է աշխատանքի, ով էլ քաղաքից դուրս, հարևան բնակավայրերում՝ մնում է ճանապարհներին: Մեքենաները թաղվում են ձյուների մեջ, ձմեռային դժվարություններով փորձում ճանապարհ կտրել:



Առավոտ շուտ մի ամբողջ ժամուկես քայլեցի քաղաքում. մեղմ ու բարակ ձյուն էր գալիս: Հաճելի զբոսանք էր, եթե հաշվի չառնենք, որ նպատակակետին չհասա:


   Հետ տունդարձի ճանապարհին հանդիպեցի էս ակտիվ շներին: Ձյուն-ձմեռ, կեր չկա, սառնամանիքն էլ մի կողմից է նեղում: Թաղի բնակիչներից մեկը, մոտ 65 տարեկան մի տղամարդ, որ շների հաչոցին կարծես մոտակա խանութից դուրս եկավ, ասաց.

- Էս արջը /նկատի ուներ սպիտակ բրդոտ մեծ շանը/ մեր թաղի շուն չի, էսօր ա հայտնվել, առաջի անգամ եմ տեսնում:                                                                  

  Մի կին տոպրակով աղբը ձեռքին՝
մոլորված կանգնել էր, վախենում էր մոտենալ աղբարկղին: Թեև մոտենալն իրականում անհնար էր, մի կողմից շների
խումբը, մյուս կողմից՝ ճանապարհի կենտրոնում թափված աղբակույտը, որ հասկանալի չէ մարդիկ էին վախից գցել ու փախել, թե սովից ու ցրտից կատաղած շներն էին պատառոտել տոպրակները:

 Կինը, որի մասին խոսում եմ, մենակ չէր. ընկերուհին հորդորում էր տոպրակը դնել հենց փողոցի կենտրոնում ու գնալ:
  Ես դանդաղ մոտենում էի և սպասում դեպքերի զարգացումներին:                      Կինը, դժվարությամբ, վախով, բայց մոտեցավ աղբարկղին, աղբի տոպրակը գցեց աղբարկղ:
    Ես ֆիքսեցի այդ պահը. շրջվեց, հետ   գալիս տեսավ ինձ, որ նկարում եմ, սրտնեղած ասաց.


 - Նկարի է, նկարի, տար ցույց տուր դրանց /պարզ է ում նկատի ուներ/, մեռանք էս     շների ձեռը, բա երեխաները ոնց անցնեն էս փողոցով, դասի են գնում, մանկապարտեզ, աղբը մենք կթափենք, բա էրեխեքի գնալ-գալը:
   Ու գնաց...
Ես էլ շարունակեցի ճանապարհս՝ իրարամերժ ու փոթորկուն մտորումներով:
Ձմեռը ամենասիրուն, ամենամաքուր, ամենագեղեցիկ եղանակներից է, իր հեքիաթով, իր ուրախություններով, անբռնազբոս խաղերով: Ինչու մարդը մարդավարի չի ապրում էդ հեքիաթում, որպեսզի կարողանա վայելել և ձմռան հեքիաթը, և ձյան փաթիլների ջերմությունը և աչք ծակող սպիտակությունը....

  Հ. Գ.  - Դե, գնա, մտածիր, մեկ ա, խախալի գլուխը բան չես գցելու,-կասեր Տատս....
           
                                                                   

Комментариев нет:

Отправить комментарий