ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 2 марта 2014 г.

Մեր ,,վարորդը,,

   Տարիներ առաջ Ջումշուդիչի /էն ժամանակ Լոռու մարզպետն էր/ թեթև ձեռքով Լերմոնտովոյի միջն. դպրոցում աշխատող քաղաքաբնակ ուսուցիչները զրկվեցին տրանսպորտի համար գյուղապետարանի կողմից տրամադրվող հոնորարից:
   Բայց, ինչպես ժողովուրդն է պնդում՝ չկա չարիք, առանց բարիք.
Այդ նույն ժամանակ, Արթուր Մեսչյանն իր ամառանոցն էր կարգի բերում Լերմոնտովոյին հարակից Անտառաշեն համայնքում:
   Շինարարական աշխատանքներին հետևելու համար հաճախ էր գյուղ գալիս ու կամա, թե ակամա, հաճախ քաղաք էր վերադառնում հենց այն ժամին, երբ դասերն ավարտվում էին.

ուսուցիչների մի մասին, ինչքան հնարավորություն կար, իր մեքենայով Վանաձոր էր հասցնում....
  Դե, պարզ է, ճանապարհին հային հատուկ խոսք ու զրույց էր ծավալվում: Պարզ, հասարակ բայց խոր ու բանիմաց մարդու տպավորություն էր թողնում /ես չէ, որ պիտի բնութագրեմ նրան/:
Ինչ մեղքս թաքցնեմ, իմ ցրված բնավորության արդյունքում իմ հոգսերի, գործերի ու մտքերի մեջ թաղված, թեև ակտիվ զրուցակիցն էլ ես էի եղել, բայց չէի էլ հասկացել, թե ով է վարորդը: /դե ինձ սովորեցրել են՝
անծանոթ տղամարդկանց ուշադրություն չդարձնել, դեմքին չնայել/:
   Տեղ հասա, շնորհակալություն հայտնեցի, դուրս եկա մեքենայից. կոլեգաներս էլ ինձ նման...
   Հաջորդ օրը՝ դարձյալ նույն ժամին, նույն մեքենան անցնում է դպրոցի ճամփով, ու կանգնում մեզ մոտ: Այս անգամ, որպես ծանոթ նայում եմ վարորդին ու մտածում՝ ինքն ա, ինքը չի. գուցե նմանություն ունի. ու բարևելուց հետո դարձյալ զրույցի ենք բռնվում:
   Նրա ձայնի մեջ անսահման հայրենասիրություն կար, կարոտ, ցավ. այդ ամենն անուղղակիորեն էր զգացվում. անուղղակի արված արտահայտությունների, բառերի ու մտքերի տակ թաքնված, բայց այնքան ակնառու հայրենասիրություն, գնահատում, պարտավորվածություն, որ ես չդիմացա ու ասացի. ,,Դուք տեղացի չե՞ք,,: /ուշադրություն՝ չհարցրի, այլ ասացի/:
  Իհարկե, ես արդեն համոզված էի, թե ով է մեր վարորդը, բայց նա այդպես էլ չասաց, տեղացի՞ է, ո՞վ է, երևի զարմացավ, ցավ զգաց գուցե, որ մենք չճանաչեցինք իրեն, չեմ կարող ասել:
   Նախորդ օրվա նման ցտեսություն ասացի ու բաժանվեցինք, հետո, իհարկե, կոլեգաներիս ասացի, թե ով էր մեր ,,վարորդը,,: Բայց չգիտես ինչու, հաջորդ օրերին էլ ոչ մենք ասացինք, որ ճանաչում ենք իրեն և ոչ ինքը որևէ ակնարկ արեց իր ով լինելու մասին: Շարունակում էինք խոսել աշխարհի չար ու բարուց, լավ ու վատից, հազար ու մի բանից...

Комментариев нет:

Отправить комментарий