ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 17 марта 2014 г.

Մարզպետի հերթական խորհրդակցությունը

Մարտի 17-ին  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզի ղեկավարն անդրադարձավ համայնքների գլխավոր հատակագծերի կազմման անհրաժեշտությանը՝ առաջնահերթությամբ կարևորելով քաղաքային համայնքներինը: Մինչև 2016թ. հանրապետության բոլոր համայնքները պետք է ունենան գլխավոր հատակագծեր: Գյուղական համայնքներում ֆինանսական միջոցների սղության պատճառով այս հարցում խնդիրներ կառաջանան, ուստի, ըստ Ա. Նալբանդյանի, չի բացառվում, որ առաջարկությամբ դիմեն ՀՀ կառավարությանը՝ գյուղական համայնքների հատակագծերի կազմման հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

Մարզպետարանի հողաշինության բաժնի պետ Արտակ Օհանյանը տեղեկացրեց, որ հողատարածքների չափագրումների նոր սակագներ են սահմանվել. սակագները նվազեցվել են 10 տոկոսով, գյուղնշանակության հողերինը՝ մինչև 30 տոկոսով: Ա. Նալբանդյանը հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել համայնքներին, սակագները փակցնել տեսանելի վայրերում:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ նաև մարզում իրականացվելիք կապիտալ շինաշխատանքներին: Նա տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության և «Գլենդել Հիլզ» ընկերության հետ բանակցությունների արդյունքում բնակարանաշինության ծրագիրը կվերսկսվի մայիսի 15-ից: Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի տեղեկացմամբ, պետական աջակցությամբ իրականացվելիք 5-րդ հրատապ ծրագիրը կազմված է: Առաջնահերթություն է տրվել այն համայնքներին, որտեղ մինչ օրս որևէ ծրագիր չի իրականացվել, լուրջ հիմնախնդիրներ ունեցող քաղաքային համայնքներին և այլն բնակավայրերին, որտեղ ՀՀ նախագահի նախընտրական խոստումներով աշխատանքներ են նախատեսված եղել:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները մարտի 14-ի դրությամբ: Հավաքագրման տեմպերը դարձյալ չեն գոհացնում: Նրա տեղեկացմամբ, սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 37 տոկոս, գույքահարկի կատարողականը՝ 34,8 տոկոս, հողի հարկինը՝ 28 տոկոս: Ա. Նալբանդյանը փոխմարզպետներին հանձնարարեց  ամենօրյա աշխատանքներ իրականացնել հատկապես հողահարկի հավաքագրման ցուցանիշը բարելավելու նպատակով:  

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց գարնանացանի աշխատանքների և պետական աջակցությամբ տրվող դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի գումարների հավաքագրման ընթացքը: Մարզպետն ընդգծեց գարու առաջին վերարտադրության սերմացուի առավելության, պարարտանյութերի և դիզվառելիքի նպատակային օգտագործման հարցերի շուրջ երկրագործների շրջանում լայն բացատրական աշխատանք տանելու կարևորությունը՝ օգտագործելով նաև ԶԼՄ-ների հնարավորությունը: Նա մեկ անգամ ևս կարևորեց մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների թափանցիկ աշխատանքի անհրաժեշտությունը:

Комментариев нет:

Отправить комментарий