ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 31 августа 2021 г.

Արմատախիլ էր արել 9 արծաթափայլ և 3 կանաչ եղևնի

 

2020թ. oգոստոսի 2-ին Լոռի Բերդ համայնքի Աշոտ Երկաթ  փողոցի մայթին կից տնկված 9 արծաթափայլ և 3 կանաչ եղևնիները արմատախիլ էին արվել։

 Հետագայում պարզվել է, որ դրա հեղինակը Ռ. Վարոսյանն է, որը համաձայնության գալով  Ա. Օհանյանի հետ, նրա մեքենայով եղևնիները տեղափոխել է Ստեփանավան՝ համայնքին հասցնելով 291.000 ՀՀ դրամի չափով վնաս: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, մեղադրանք առաջադրվել:

2021թ. օգոստոսի 31-ին  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Ռ. Վարոսյանի քրեական գործը: Թեև տուժողի ներկայացուցիչ Խաչատուր Բալայանը պատշաճ տեղեկացվել էր, սակայն դատական նիստին ներկա չէր, և, ինչպես նիստի քարտուղարը զեկուցեց, նա զանգահարել է և տեղեկացրել, որ ինքն այլևս չի աշխատում Լոռի Բերդ համայնքում և դրանով է պայմանավորված իր բացակայությունը։ Իսկ Լոռի Բերդի ներկայիս համայնքապետ Արայիկ Ներսիսյանը քարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում  հայտնել է, որ ինքը ոչ մի բողոք, պահանջ չունի ամբաստանյալի դեմ և իր բանավոր համաձայնությունն է տվել, որ դատական նիստն անցկացվի առանց իր ներկայության, դատարանի կողմից որոշվող ցանկացած ընթացակարգով:

Օգոստոսի 31-ին  հրավիրված դատական նիստի ընթացքում ամբաստանյալի շահերի պաշտպան Ժորա Վարոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի գործն իրականացվի համաձայնեցված վարույթով: Եվ քանի որ մեղադրող կողմը կողմ արտահայտվեց ներկայացված միջնորդությանը, իսկ տուժողի ներկայացուցիչն էլ նախապես արդեն դատարանին էր փոխանցել իր դիրքորոշումը, դատարանն ընդմիջում հայտարարեց՝ հնարավորություն տալով կողմերին համաձայնության գալ և դատարան ներկայացնել համաձայնեցման արձանագրությունը:

Ըստ համաձայնության արձանագրության, ամաբաստանյալն ընդունում էր իր մեղքը և պարտավորվում էր, որպես պատժամիջոց  նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի  չափով տուգանք վճարել:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց՝ մեղավոր ճանաչել Ռ. Վարոսյանին և նրանից, որպես պատժամիջոց, գանձել  500.000 ՀՀ դրամի չափով տուգանք:

                               Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                               «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
  և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
   հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий