ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 10 ноября 2021 г.

Հայտնի չէ ամբաստանյալի գտնվելու հստակ վայրը

Կարեն Մարկոսյանը և Արման Միքայելյանը մեղադրվում են «Գռունդիկ» ապրանքանիշի հեռուստացույց գողանալու մեջ:


Ըստ մեղադրող կողմի՝ Կարեն Մարկոսյանն ընկերոջ՝ Արման Միքայելյանի հետ 2018թ հուլիսի 13-ին Լոռու մարզի Մեծավան համայնքում գտնվող Արմինե Հարությունյանի

առանձնատան խոհանոցի լուսամուտը հատուկ սարքի միջոցով բացել են և գողացել 70.000 ՀՀ դրամ արժողությամբ հեռուստացույցը:
2018թ հուլիսի 14-ին Կարեն Մարկոսյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Կարեն Մարկոսյանի կալանքը չհեռանալու պայմանով փոխելու, կամ գրավի դիմաց նրան ազատելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Միջնորդությունները
մերժվել են պատճառաբանությամբ, որ նա ազատության մեջ կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչնդոտել արդար դատավարությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելով: Սակայն 2019թ հոկտեմբերի 7-ին, նախագահությամբ դատավոր Սուրեն Բաղդասարյանի, որոշում է կայացվել և 1մլն ՀՀ դրամ գրավի դիմաց՝ Կարեն Մարկոսյանի կալանքը փոխվել է։

2021թ․ նոյեմբերի 9-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում տեղի ունեցավ գործով հերթական նիստը, որին ներկա չէր ամբաստանյալ Կարեն Մարկոսյանը։ Նա, դատարանի որոշմամբ, գրավի դիմաց՝ ազատության մեջ է: Կարեն Մարկոսյանը չի ներկայացել  վերջին մի քանի դատական նիստերին, նրա գտնվելու հստակ վայրն էլ հայտնի չէ:


Կարեն Մարկոսյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, առաջարկելով առանձնացնել իր պաշտպանյալի մասով գործը, և կասեցնել գործի վարույթը մինչև նրա հայտնաբերվելը: Իսկ Արման Միքայելյանի գործն առաջարկեց շարունակել:

Արման Միքայելյանի փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալն ընդունում է մեղքը և ցանկանում են գործը շարունակել համաձայնեցված վարույթով: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ գործի վարույթն առանձնացվի, և համակարծիք է փաստաբան Գ․ Հարությունյանի հետ:

Մեղադրող կողմը, սակայն, այլ կարծիք ուներ: Արամ Մաթևոսյանը նշեց, որ Կարեն Մարկոսյանը մայիս ամսից լքել է ՀՀ տարածքը, և գտնվում է ՌԴ-ում: Նա նշեց, որ մինչ օրս ամբաստանյալը մասնակցել է դատական նիստերին առանց բացակայելու: Առաջարկեց գործն իրականացնել հեռակա վարույթով: Սակայն Գուրգեն Հարությունյանը գտնում է, որ ինքն իրավասու չէ առանց իր պաշտպանյալի մասնակցել դատավարությանը:

Բանակցությունների արդյունքում կողմերը եկան եզրահանգման, որ Կարեն Մարկոսյանի նկատմամբ պետք է հետախուզում հայտարարել։
Մեղադրող կողմը նաև միջնորդություն ներկայացրեց, այն մասին, որ ամբաստանյալը խախտել է գրավի պայմանները, այդ պատճառով անհրաժեշտ է փոխել խափանման միջոցը, իսկ գրավը պետական եկամուտ դարձնել:
 
Կարեն Մարկոսյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը նշեց, որ ամբաստանյալին թույլատրվում էր լքել ՀՀ տարածքը և այդ առումով օրենքով ոչ մի արգելք չկա: Հետախուզում հայտարարելուն դեմ չէ, սակայն մնացած միջնորդություններն անհիմն է համարում: Գուրգեն Հարությունյանը նշեց, որ եթե իր պաշտպանյալը չի ներկայանում դատական նիստերին, և գտնվում է ՌԴ-ում, դա դեռ չի նշանակում, որ նա խուսափում է վարույթ իրականացնող մարմնից և թաքնվել է:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը,  նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց՝ Կարեն Մարկոսյանի նկատմամբ հետախուզում հայտարարել: Իսկ մնացած 2 միջնորդությունները՝ խափանման միջոցը փոխելու և գրավը պետական եկամուտ դարձնելու պահով դեռևս հետաձգել: Ելնելով այն հանգամանքից, որ Կարեն Մարկոսյանի բացակայության պատճառով տուժում է մյուս ամբաստանյալը՝ Արման Միքայելյանը և որպեսզի դատավարությունն իրականացվի ողջամիտ ժամկետներում գործի վարույթը նախագահող դատավորն առանձնացրեց:
 Արման Միքայելյանի մասով դատական հաջորդ նիստը նշանակվեց 2022թ հունվարի 11-ին:

                             Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը                                                                                       «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                                    Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                      և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»                                                                                             հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий