ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 16 сентября 2016 г.

Գորայքում համայնքապետի թեկնածուները իրար հետ աղ ու հաց կիսած գործող համայնքապետեր են

 Սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Քաջարան, Տեղ և Գորայք /http://syunik.mtad.am/about-communities/382/
համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ:
 Գորայքը խոշորացված համայնք է, որի կազմի մեջ մտնում են Գորայք, Սառնակունք, Սպանդարյան և Ծղուկ համայնքները:



 -Մինչև 2013թ.
կառավարության կողմից ընդունված հայեցակարգով խոշորացվող համայնքների այս փնջի կենտրոնը Սառնակունքը պիտի լիներ, հիմա, չգիտես ինչու, կառավարության որոշմամբ՝ Գորայքն է: Դրա համար էլ դրել եմ իմ թեկնածությունը, ես դրանով պաշտպանելու եմ մեր երեք համայնքների շահերը,- «Հետք»-ին պատմում է Սառնակունքի արդեն նախկին համայնքապետ Մանուչար Մկրտչյանը, ով Գորայքում առաջադրված երկու թեկնածուներից մեկն է:

  «Հետք»-ի «
Ումի՞ց և ինչպե՞ս եք պաշտպանելու Սառնակունք, Սպանդարյան և Ծղուկ համայնքների շահերը» հարցին Մանուչար Մկրտչյանը պատասխանեց.
 -
Գորայքը մարզկենտրոնին ավելի մոտ է, մեծ չի, բայց մի քանի մարդ ավել է հաշվարկված: Այստեղ մասնավոր շահերի բախում կա, օրինակ, ինչու խոշորացված համայնքի կենտրոնը հանկարծ փոխվեց, դարձավ Գորայքը: Ես բացարձակապես համոզված եմ, որ եթե վերևներից միջամտություն չլինի, երեք համայնքներն էլ իմ կողքին կլինեն, հենց քիչ առաջ էլ Գորայքից եմ գալիս, այնտեղ էլ բոլորը ներկայիս գյուղապետի կողմնակիցները չեն:

 -Կարծում եք, որ ընտրական գործընթացում, ինչպես դուք եք ասում «վերևներից» միջամտություն կլինի՞:
 -Ամեն ինչ էլ հնարավոր է:

  -
Քարոզարշավի մեկնարկին դեռ 2 օր կա, ինչ նպատակով էիք գնացել Գորայք:
  -
Մասնավոր մարդկանց հետ հանդիպեցի, ասեցի, որ իմ նախընտրական ծրագիրը կտպագրվի մարզային թերթում, թող կարդան, ծանոթանան:

 -
Դուք ֆինանսական ինչ միջոցներ եք ծախսելու քարոզարշավի ընթացքում:
 -
Ես ֆինանսներ չունեմ, 11 տարի էս խեղճ գյուղն եմ ղեկավարել, հավաքագրումները ցածր են, մարդիկ դժվար են ապրում, բարձր լեռնային գոտում անշահութաբեր է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվելը, ի՞նչ ֆինանսների մասին է խոսքը, ընկեր բարեկամներս էլ կողքիս կանգնած են, վառելիք է կլցնենք, կգնանք հանդիպումների, էլ ի՞նչ ֆինանս:

-11 տարի կողք կողքի գյուղերում նույն պաշտոնավարությունն եք իրականացրել Ձեր ներկայիս մրցակից թեկնածու Առուստամ Առուստամյանի / Առուստամ Առուստամյանը 11 տարի ղեկավարել է Գորայք համայնքը/
հետ: Ինչպիսի՞ մրցակցություն է հիմա ձեր միջև:
 -Ամեն ինչ նորմալ է, ընտրողները թող իրենք որոշեն, կարևորը, որ ընտրողը օգտվի իր իրավունքից, եթե իսկական ընտրություններ լինեն, ես բացարձակապես համոզված եմ, որ կընտրվեմ: Ժողովուրդը երբեք չի սխալվում, մնացածը ժամանակը ցույց կտա,-ամփոփեց իր խոսքը Գորայքի համայնքապետի թեկնածու Մանուչար Մկրտչյանը:

  4 համայնքներից Գորայքը մարզկենտրոնին ամենամոտն է գտնվում, և ավելի հեռու է իր փնջի մյուս 3 համայնքներից, հետևաբար վերջիններիս համեմատությամբ, ըստ գործող համայնքապետ Առուստամ Առուստամյանի, ավելի զարգացած է: Թեկնածուն նպատակ ունի, համայնքներում զարգացնել անասնապահությունը, ճիշտ կազմակերպել  կաթնամթերքի ու մսի մթերման գործընթացը:

 -«Աշտարակ կաթի» հետ պայմանագիր ունեն գյուղացիները, հան
ձնում են կաթնամթերքը, բայց ամիսներով սպասում են փողին, պետք է կազմակերպել այս գործընթացը, պայմանագրերը փոխել, լծակներ ստեղծել, որ գոնե 15 օրը մեկ գյուղացին ստանա իր հանձնած մթերքի գումարը: Մինչև գյուղացին փող ու շահույթ չտեսնի, ոչ մի բանում շահագրգռվածություն չի ունենա, պետք է կոլեկտիվ ձևով կազմակերպել այս ամենը, մեր ենթակառուցվածքներն օգտագործում են, ճանապարհ, մթերք, ուրիշ հնարավորություններ, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս, այդպես չի կարելի, պետք է ծրագիր, մեխանիզմ մշակել,-իր նախընտրական դրույթների մասին է խոսում Ա. Առուստամյանը:

 -Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ Ձեր նախընտրական ծրագրին, ունեք ծրագիր:
 - Որտե՞ղ գրեմ, փող ծախսեմ, տպեմ ծրագիրս, ես դրա համար ֆինանսներ չունեմ, հանդիպումների ընթացքում ծրագիրը կներկայացնեմ ժողովրդին, մեր գյուղը՝ Գորայքը այս շրջանում ամենամեծն է, ֆինանսական առումով էլ ավելի ապահով, միավորումից եթե դժգոհեն, Գորայքը պիտի դժգոհի, մյուս 3 համայնքների բյուջեն Գորայքի 10 տոկոսն էլ չի կազմում: Ճիշտ է, տարածքի առումով Սառնակունքը մյուս 2 /
Սպանդարյան և Ծղուկ/ համայնքների համար ավելի հարմար կենտրոն է, որովհետև ավելի մոտ է, բայց Գորայքն ավելի զարգացած է: Բոլորին թվում է, որ ես եմ այնպես արել, որ  միավորված համայնքների կենտրոնը Սառնակունքի փոխարեն դառնա Գորայքը: Ու դրանից էլ ամեն ինչ սկսվեց, թե չէ մենք մյուս թեկնածուի հետ աղ ու հաց կիսած մարդիկ ենք:

 -Իսկ հիմա՞:
 -Ինչ էլ լինի, ով էլ ընտրվի, մենք հետագայում էլ իրար հետ պետք է համագործակցենք: Առողջ մրցակցություն է լինելու: Ես գալիս եմ իմ ժողովրդին ծառայելու, եթե կընդունեն, կծառայեմ,-ավարտեց իր խոսքը Առուստամ Առուստամյանը:

 Գորայքում սեպտեմբերի 6-ի դրությամբ՝ ընտրացուցակներում ընդգրկված է 1 382 ընտրող:
Գորայքը, արդեն իր կազմի մեջ մտնող բոլոր 4 համայնքներով գտնվում է բարձր լեռնային գոտում: Ինչպես բոլոր մյուս համայնքներում, այստեղ էլ կա խմելու և ոռոգման ջրիը, ճանապարհների, լուսավորության և բազմաթիվ այլ խնդիրներ:

Комментариев нет:

Отправить комментарий