2018թ. ապրիլի 18-ին Թումանյան քաղաքի մարզադաշտում ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ Մարցի ֆուտբոլային թիմի անդամ՝ Արամ Ամիրխանյանը դիտողություն է արել Վարշամ Հովսեփյանի երեխային, ասելով, որ նա խանգարում է խաղին: Վարշամ Հովսեփյանը, ցավագին ընդունելով դիտողությունը վեճի է բռնվել նախ Արամ Ամիրխանյանի, ապա նաև ֆուտբոլի թիմի
մյուս անդամների հետ, սեռական բնույթի խուլիգանական հայհոյանքներ ուղղել նրանց, բռնություն գործադրել, վերջում էլ սպառնացել, որ կսպանի: Դրանից հետո հեռացել է մարզադաշտից: Կարճ ժամանակ անց վերադարձել է մարզադաշտ որսորդական հրազենով և 2 անգամ օդ կրակել: Մարզադաշտում գտնվող քաղաքացիներն ու առաջնության մասնակիցները դիմել են փախուստի, ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնությունը չի կայացել:Վարշամ Հովսեփյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ հասարակական կարգը խախտելու հիմքով: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում հոկտեմբերի 4-ին քննվում էր Վարշամ Հովսեփյանի գործը:
Քրեական գործով դատական նիստին ներկա էր ամբաստանյալ՝ Վարշամ Հովսեփյանը, ամբաստանյալի շահերի պաշտպան՝ Արա Կարապետյանը, դատախազ՝ Ռուդիկ Մինասյանը, տուժող՝ Արամ Ամիրխանյանը:
Շահերի պաշտպան՝ Արա Կարապետյանը դատարան միջնորդություն ներկայացրեց, որպեսզի գործը քննվի համաձայնեցված վարույթով: Եվ քանի, որ տուժող՝ Արամ Ամիրխանյանն իր ցուցմունքում նշել էր, որ այլևս իրեն տուժող չի համարում՝ մեղադրող կողմը չառարկեց միջնորդության դեմ:
Դատական նիստի ընթացքում կողմերը ստորագրեցին նախապես կազմված արձանագրությունը: Ըստ արձանագրության, ամբաստանյալ՝ Վարշամ Հովսեփյանը մեղավոր ճանաչվեց: Եվ որպես պատժամիջոց ընտրվեց մեկ տարի
ժամկետով ազատազրկումը:ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը
նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի վճռեց՝ մեղավոր ճանաչել Վարշամ Հովսեփյանին, և
որպես պատժամիջոց կիրառել 1 տարի ազատազրկումը:
Պատժի սկիզբը հաշվել 2021թ. հոկտեմբերի 4-ից:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий