Արշավիր Զուրաբյանը դատարանի միջոցով պահանջում է, որ Վանաձորի քաղաքապետը ներողություն խնդրի և հերքի իր կողմից արված մի քանի արտահայտություններ և դիտողություններ, որոնք վիրավորել են իրեն: Այդ դիտողություններն արվել են 2020թ. փետրվարի 11-ին «Ֆորտունա» ՀԸ «Մոլորակ» լրատվական հաղորդաշարի եթերից՝ հարցազրույցի ժամանակ:
Հոկտեմբերի 12-ին հրավիրված դատական նիստին ներկայացել
էր հայցվորի փաստաբան՝ Վարազդատ Հարությունյանը, պատասխանող կողմը բացակայում էր: Նիստերի քարտուղարը զեկուցեց, որ ծանուցում է ուղարկվել
պատասխանող կողմին թե բնակության հասցեով և թե Վանաձորի քաղաքապետարան, սակայն ծրարը
վերադարձել է չպահանջված նմուշով: Հայցվորի փաստաբանը նշեց, որ պատասխանող կողմը նախորդ
նիստերին ևս չի ներկայացել: Նախագահող դատավոր Վարդուհի Հովնանյանը որոշում կայացրեց
դատական նիստն անցկացնել առանց պատասխանող կողմի:
Հարցազրույցի ժամանակ Մամիկոն Ասլանյանի կողմից արված արտահայտությունները, որոնք վիրավորել են Արշավիր Զուրաբյանին, բառացիորեն մեջբերում ենք․
«Աուդիտի աշխատակիցը իրեն
թույլ է տվել ոչ աուդիտին հարիր պահվածք ու ընդհանրապես նման գործառույթ չունենալու
պարագայում նմանատիպ աշխատանքային պլան է բաժանել մեր աշխատակիցներին, դա անընդունելի
է ու չգիտեմ դրա անունը ինչ է քաղաքական, դա ամեն դեպքում իր մասնագիտական որևէ գործառույթի
մեջ չի մտնում ու նմանատիպ մարդուն մենք չենք կարող վստահել, որ էստեղ անցկացնի աուդիտ»:
ինչպես նաև այս արտահայտությունը. «նրա մոտից հայտնաբերվել է աշխատանքային պլան-ուղեցույց,
որտեղ կան քաղաքական
ենթատեքստ պարունակող կետադրություններ»:
Ըստ հայցվորի փաստաբան Վարազդատ Հարությունյանի Մամիկոն Ասլանյանը դիտավորությաբ, կամ առանց դրա, արել է այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորել են հայցվորին, և դա արվել է հրապարակայնորեն, այդ հարցազրույցը դիտել են բազմաթիվ քաղաքացիներ: Նրանք պահանջում են դատարանից, որ պատասխանող կողմը նույն եղանակով՝ հարցազրույցի միջոցով հերքի իր կողմից արված արտահայտությունները և ներողություն խնդրի:
Մամիկոն Ասլանյանը նախորդ
քննության ժամանակ, որպես հայցադիմումի
պատասխան ներկայացրել է, որ ինքն ընդունում
է իր կողմից արված բոլոր արտահայտությունները, սակայն նա նշել է, որ դա վերաբերում էր ոչ թե Արշավիր Զուրաբյանին այլ ընդհանուր
աուդիտի աշխատանքին: Ըստ փաստաբանի, նախորդ դատավարության
ժամանակ հենց այս հարցն էլ մնացել էր վիճելի:
Հայցվորի շահերի պաշտպան՝ Վարազդատ Հարությունյանը ներկայացրեց, որ քաղաքապետի հարցազրույցից հետո իր պաշտպանյալը գործնկերների կողմից քննարկման առարկա է դարձել, իսկ աուդիտորական ընկերությունը, որտեղ նա աշխատում էր, Արշավիր Զուրաբյանին հեռացրել է աուդիտորական այլ պրոյեկտներից: Փաստաբանն ընդգծեց, որ Մամիկոն Ասլանյանը, Վանաձորի քաղաքապետն է՝ զբաղեցնում է պաշտոնական դիրք, և նրա խոսքը լսելի է հանրության շրջանում, որն էլ դժվարացրել է իր պաշտպանյալի կյանքը:
Վարազդատ Հարությունյանը նաև
նշեց, որ վերաքննիչ դատարանի կողմից արված եզրակացությունն անհրաժեշտ է բեկանել, և նշանակել նոր քննություն: Ինչպես նաև
պատասխանողին պետք ստիպել, որ իր կողմից
արված արտահայտությունները, որոնք նշել
էր, որ վերաբերում են ոչ թե մարդուն այլ աուդիտի գործունեությանը՝ ապացուցել:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ
դատավոր՝ Վարդուհի Հովնանյանի, գործի վերաբերյալ
որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստի ժամանակ, որը նշանակվեց 2021թ. նոյեմբերի
15-ին:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий