ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 28 октября 2021 г.

Ոտքով հարվածել է և վնասել նախկին զոքանչի տան դուռը

Արեն Սարգսյանը 2021թ հունվարի 25-ին գնացել է նախկին զոքանչի՝ Զենֆիրա Կիրակոսյանի  տուն՝ երեխաներին տեսնելու նպատակով։  Դուռը թակել է, բացող չի եղել, սկսել է ոտքով հարվածել դռանը։ Դուռը վնասվել է այդ հարվածներից։


Արեն Սարգսյանը դեպքից հետո ինքն է

գնացել ոստիկանություն և խոստովանել հանցանքի մասին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ նախկին զոքանչի բնակարանի դուռը վնասելու հիմքով։ Արեն Սարգսյանը  նախկին զոքանչին՝ Զենֆիրա Կիրակոսյանին, պատճառել է 500.000 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:

2021թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում կայացավ Արեն Սարգսյանի քրեական գործով հերթական նիստը:
Դատական նիստին չէին ներկայացել գործում ներգրավված վկաների մեծ մասը, դատարանը նշեց, որ հաջորդ դատական նիստին վերջիններիս բերման ենթարկելու մեթոդ կկիրառվի:

Դատարանը, լսելով ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազ Եսայի Բաբելյանի դիրքորոշումը և կողմերի կարծիքը ապացույցների հետազոտման հերթականության վերաբերյալ, որոշում կայացրեց սկզբից լսել տուժողին, վկաներին, հետազոտել գրավոր ապացույցները և այդ

գործողություններից հետո իրականացնել ամբաստանյալի հարցաքննությունը:

Տուժող՝ Զենֆիրա Կիրակոսյանը պատմեց , որ իր և նախկին փեսայի հարաբերությունները սրվել են այն ժամանակ, երբ փեսան իր աղջկան ծեծի էր  ենթարկել․ դեպքից հետո նա աղջկան՝ երեխաների հետ միասին, բերել է իր տուն: Զենֆիրա Կիրակոսյանը նշում է, որ աղջկա բաժանվելուց հետո, պարբերաբար այսպիսի դեպքեր են լինում, դուռը արդեն մի քանի անգամ փեսան վնասել է, սա էլ հերթականն էր, ընդ որում, դուռը նոր էին փոխել:
Զենֆիրա Կիրակոսյանը պատմեց,  որ իրենք դեպքի օրը հարևանի տանն են եղել, երբ Արեն Սարգսյանը դպրոցից վերցրել է երեխային և նրա հետ միասին բարձրացել են իր տուն: Իրենք հարևանի լուսամուտից և դռան դիտանցքից են տեսել փեսայի վերև բարձրանալը: Վախեցել են տուն գնալ:

Գործով վկա Լիլիթ Վարդանյանը՝ ամբաստանյալի նախկին կինը, չէր հիշում անգամ, թե որ դեպքի դատավարությունն էր ընթանում տվյալ պահին: Պարզաբանելուց հետո միայն պատմեց այդ դեպքի մանրամասները:

Ամբաստանյալ՝ Արեն Սարգսյանը, թեպետ ընդունում է որ ինքն է արարքի հեղինակը, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում: Պատճառաբանելով, որ ինքը բռնություն կատարելու, կամ վնասելու միտում չի ունեցել, միան ցանկացել է իր երեխաներին տեսել: Սակայն, երբ թակելուց հետո դուռը չեն բացել՝ նյարդերը տեղի են տվել:

Քանի որ այս դատական նիստի ժամանակ վկաներից միայն մեկն էր ներկա, նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը կողմերի համաձայնությամբ ուսումնասիրեց նաև գործում առկա  գրավոր ապացույցները:
 Լուսինե Ալավերդյանը հաջորդ դատական նիստը նշանակեց 2021թ
դեկտեմբերի 1-ին: Մեկ անգամ ևս նշելով, որ դատարանը համապատասխան  միջոցներ կձեռնարկի, որ հաջորդ դաստական նիստին ներկա գտնվեն գործում ներգրավված մյուս վկաները ևս:

                            Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                    ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                             «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                              Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                     և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

 

Комментариев нет:

Отправить комментарий