ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 27 октября 2021 г.

Բետոնե պարիսպն ու խանգարող հանգամանքները /տեսանյութ/


Վանաձոր համայնքի բնակիչներ Սեյրան Սուրենյանը և Աշոտ Բուդաղյանը վեճ ունեն: Որի լուծման համար Սեյրան Սուրենյանը 2019թ. դիմել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
  
Հայցվորը պահանջում է, որ Աշոտ Բուդաղյանն իր կողմից կառուցված բետոնե պարիսպը քանդի, քանի որ այն գտնվում է ընդհանուր օգտագործման տարածքում: Փողոցի այդ հատվածում 2 բնակիչներն էլ արտադրամաս ունեն: Արտադրամասերը միմյանցից բաժանվանում են մեկ ընդհանուր փողոցով։ Բետոնե պարիսպը հայցվորի արտադրամասից արտադրանքը հանելու և հումք ներկրելու համար խնդիր է առաջացնում՝ դժվարացնելով բեռնատար մեքենաների տեղաշարժը:

Դատական նիստի ժամանակ պատասխանող կողմը նշեց, որ մինչ պարսպի կառուցելը մեքենաները անցել են իր տարածքով՝ իր թույլտվությամբ: Սակայն հետագայում հողամասի մի մասը վաճառել է, մյուս մասում բացել արտադրամաս և նախկինում մի ընդհանուր տարածք հանդիսացած հասցեն այժմ առանձնացվել է տարբեր հասցեներով: Արտադրական գործունեություն սկսելիս՝ պարիսպ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել: Իսկ ինչ վերաբերում է ապօրինի շինարարությանը, ապա Աշոտ Բուդաղյանը պարիսպն ապօրինի շինություն չի համարում, շինությունն իրավական հիմք ունի, քանի որ այն կառուցվել է իր սեփականության տարածքում, որը թույլատրվել է Վանաձորի քաղաքապետարանի կողմից։

Սեյրան Սուրենյանի շահերի պաշտպան՝ Հայկուհի Սեդրակյանը  պատասխանողից փորձեց պարզել, թե սեփականության վկայականը, որը ներկայացվել է դատարան, արդյոք վերաբերում է այն նույն տարածքին, որը մինչև ընդհանուր տարածքի առանձնացնելն ու վաճառելը գրանցված է եղել նույն հասցեով: Պատասխանողը նշեց, որ սեփականության վկայականը արվել է տարածքը կիսելու և վաճառելու ընթացքում: Պատասխանողի կողմից արված հայտարարությունների արդյունքում փաստաբանը  դատարան միջնորդություն ներկայացրեց, որպեսզի գործի քննությունը հետաձգվի, քանի որ նոր հայցադիմում լրացնելու ահրաժեշտություն էր առաջացել:

Հաջորդ դատական նիստը նախագահող դատավոր Վարդուհի Հովնանյանը նշանակեց  2022 թ. հունվարի 18-ին:

                            Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                    ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                             «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                              Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                     և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

 

 

  

Комментариев нет:

Отправить комментарий