ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 30 сентября 2021 г.

Երեխային կորցրած մայրը մեղադրվում է զրպարտության մեջ

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թսեպտեմբերի 29-ին քննվում էր Նաիրա Այվազյանի գործը:
Նա մեղադրվում է զրպարտության մեջ։

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և

գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը և հիշյալ հիվանդանոցի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը դատարան են դիմել։ Նրանք պահանջում են, որ դատարանը պարտավորեցնի Նաիրա Այվազյանին, հրապարակայնորեն ներողություն խնդրել Արշակ Ջերջերյանից,
ԶԼՄ-ների միջոցով հերքել վերը նշված ընկերության հաշվին  տարածած զրպատությունները։  Հայցվորները պահանջում են նաև, որ պատասխանող կողմն իրենց հասցված վիրավորանքի և զրպարտության համար, որպես փոխհատուցում յուրաքանչյուրին վճարի
1 մլն ՀՀ դրամ:

Քաղաքացիական գործով դատական նիստին ներկա էր Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փաստաբան՝ Սևակ Մարաբյանը, հայցվոր՝ Արշակ Ջերջերյանը և հայցվորի փաստաբան՝ Թեհմինե Հովսեփյանը:
Դատական նիստին ներկա չէր պատասխանող կողմը:
Հանրապետական Ինստիտուտի փաստաբան Սևակ Մարաբյանը դատարանին խնդրեց, որ նիստը շարունակվի առանց պատասխանող կողմի:
Նախագահող դատավոր Ալֆրեդ Վարդանյանը բավարարեց խնդրանքը, քանի որ պատասխանող կողմից նիստը հետաձգելու ոչ մի պահանջ չէր եղել:

Դատական գործընթացը դատաքննության փուլում է և, քանի որ  հայցվորների պահանջները տարբեր էին, նրանք պատասխանող կողմից իրենց պահանջներն առանձին-առանձին ներկայացրեցին դատարանին:
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փաստաբանը նշեց, որ Նաիրա Այվազյանը Հանրապետական հիվանդանոցին զրպարտել է ասելով, որ հիշյալ հիվանդանոցում զբաղվում են երեխաների վաճառքով, և իր երեխան չի մահացել: Այդ հայտարարությունները արվել են տարբեր լրատվամիջոցներով, ինչպես նաև ավելացրեց, որ ԴՆԹ անալիզի միջոցով բացահայտվել է, որ երեխայի դին պատկանում է Նարինե Այվազյանին և ապացուցվել է, որ հիվանդանոցի անձնակազմը ոչ մի հանցավոր գործունեություն չի իրականացրել: Փաստաբանը պահանջեց, որ պատասխանողը լրատվամիջոցներով հերքի բոլոր մեղադրանքները: Եվ որպես փոխհատուցում վճարի 1մլն ՀՀ դրամ:

Իսկ Արշակ Ջերջերյանի Փաստաբան Թեհմինե Հովսեփյանը, նշեց որ Նաիրա Այվազյանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, նրա հաշվին իրականությանը չհամապատասխանող տվյալներ է տարածել, որոնք արվել են նրան զրպարտելու, նսեմացնելու պատիվն ու արժանապատվությունը, գործարար հեղինակությունը վարկաբեկելու համար: Նաիրա Այվազյանն իր հարցազրույցում նշել է, որ իր երեխան չի մահացել այլ վաճառվել է ինստիտուտի և Արշակ Ջերջերյանի կողմից, քանի որ դատաբժշկական գիտահետազոտական կենտրոնի տվյալներում երեխայի դիակի չափսերը չեն համապատասխանել հիվանդանոցի կողմից ներկայացրած չափսերին, որից էլ մայրը ենթադրել է, որ իր երեխային փոխել են՝ առողջ երեխայի փոխարեն տվել են այլ՝ հիվանդ երեխայի դի:
Փաստաբան Թեհմինե Հովսեփյանը նշեց, նաև որ դիակի չափսերը կարող էր փոփոխվել ժամանակի ընթացքում և դատագենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխայի դին պատկանում է Նաիրա Այվազյանին: Փաստաբանը նշեց նաև, որ մյուս կանանց երեխաների մասով ևս բոլոր հնչած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը և դեռևս կան գործեր, որոնք քննման փուլում են, փաստաբանն ավելացրեց, որ դրանք ևս զրպարտանք են, վերջիններիս երեխաները նույնպես մահացել են: Եվ ոչ մի ապացույց չկա որ հանրապետական ինստիտուտի անձնակազմը հանցավոր գործունեություն է իրականացրել: Եվ քանի որ այդ տեսանյութը դիտել են բազմաթիվ մարդիկ և հարցազրույցից ելնելով բացասական մեկնաբանություններ են գրել ինստիտուտի և փոխտնօրենի հասցեին, պահանջում են, որ սրա համար ևս Նաիրա Այվազյանը լրատվամիջոցներով ներողություն խնդրի Արշակ Ջերջերյանից և որպես փոխհատուցում վճարի 1մլն ՀՀ դրամ:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրենը պնդում է, որ Նաիրա Այվազյանը հստակ իմանալով, որ իր երեխան մահացել է, դիտավորությամբ զրպարտել է թե հիվանդանոցին, և թե իրեն՝ բոլոր հարցազրույցներում շահարկելով իր անունը:

Դատարանը լսելով հայցվորների պահանջներն անցավ ապացույցների հետազոտման փուլին: Կարևոր ապացույցներից էր պատասխանողի բոլոր հարցազրույցները լրատվամիջոցներով: Որը դատարանը կարողացավ մանրամասն տեսնել դատական պրոցեսի ընթացքում: Եվ, հարց ու պատասխանի միջոցով, դատավոր Ալֆրեդ Վարդանյանը փորձեց հասկանալ, թե որ արտահայտություններն են հատկապես հայցվորները համարում զրպարտանք, և որը՝ վիրավորանք: Կային փաստաթղթեր նաև այն մասին, որ քրեական  գործի վարույթը  կարճվել է, և ապացուցվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի անմեղությունը, կային ինստիտուտի անմեղությունն ապացուցող այլ փաստաթղթեր ևս:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ալֆրեդ Վարդանյանի, դատական գործով վճիռը կհրապարակի սույն թվականի հոկտեմբերի 14-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում:

                                 Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                                    Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                          և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 


Комментариев нет:

Отправить комментарий